«Զինղեկավարությունը հանուն հայրենիքի նաև ոչ ստանդարտ գործողություններ անելու իրավունք ուներ». Արտակ Զաքարյան

Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ զարմանք հայտնեց, որ զինվորականները պատերազմի ընթացքում չեն հասկացել, որ այն հաղթական ավարտ չի ունենալու:

«Պատերազմի ընթացքում զինվորականի թիվ 1 խնդիրը պատերազմի դաշտն է, թե թիկունքում ի՞նչ է կատարվում, դա շատ քիչ մարդկանց կարող է տրված լինել: Ես և՛ զարմանում եմ մեր զինվորականների վրա, որ պատերազմի կեսից գոնե չեն հասկացել, որ սա նախօրոք տանուլ տված պատերազմ է, միևնույն ժամանակ՝ ուզում եմ իրենց հասկանալ, բայց նաև չեմ ընդունում, կամ չեմ հասկանում որևէ մեկնաբանություն, որովհետև ռազմաքաղաքական ղեկավարության քաղաքական կոմպոնենտը հենց դրանում է, որ, երբ դու տեսնում ես, որ պատերազմի դաշտում անում ես ամեն ինչ, իսկ քո թիկունքում ամեն ինչ արվում է հակառակը, և քո իշխանությունը ևս կռվում է քո դեմ՝ իր սխալներով, իր դիտավորյալ կամ ոչ դիտավորյալ, բայց սխալ գործողություններով, հետևաբար՝ ռազմաքաղաքական ղեկավարությունը նաև իրավունք ուներ ոչ ստանդարտ գործողություններ անել հանուն հայրենիքի, հետագայում որևէ մեկը իրենց չէր ասի, թե՝ ինչո՞ւ եք այս քայլերին գնացել, ոչինչ, թող վաղը կանգնեին դատարանում ասեին՝ լավ եմ արել, հանուն հայրենիքի եմ արել: Չեն արել, բայց նաև չեմ ուզում իրենց մեղադրել չանելու համար, որովհետև դա նաև իրենց խնդիրը չի եղել: Նրանց մեջ չկան նաև քաղաքականապես կայացած մարդիկ, քանի որ բանակում հիմնականում բոլորը պրոֆեսիոնալ զինվորականներ են»,- ասաց Զաքարյանը:

Անդրադառնալով այն խնդրին, որ Արցախյան առաջին պատերազմում հաղթած գեներալներին, բարձրաստիճան զինվորականներին թույլ չեն տվել խառնվել այս պատերազմին, Պաշտպանության նախկին փոխնախարարն ասաց, որ այլ երկրներում այս կարգի մարդկանց խնդրում են, որ երկրին մի բան պատահելու դեպքում լինեն երկրում: Արտակ Զաքարյանը նշեց, որ այսօր էլ մեր պետությանը վտանգ է սպառնում, իսկ գործող իշխանությունն ի զորու չէ դիմագրավել այդ սպառնալիքներին:

«Բանակը պետության ողնաշարն է, դա անքննելի փաստ է: Այսօր մենք ունենք բազմաթիվ սպառնալիքներ, նայում ենք մեր բանակին, տեսնում ենք, որ այլևս ի զորու չէ այդ սպառնալիքները դիմագրավել, նայում ենք պետությանը, տեսնում ենք, որ բանակը քանդելուց հետո, Արցախը վարի տալուց հետո, թող ինձ ներվեն ժողովրդական ձևակերպումները, Նիկոլ Փաշինյանն անցել է պետական ինստիտուտները քանդելուն: Մենք կորցրել ենք, կորցնում ենք մեր իմունիտետը՝ որպես պետություն, մենք աստիճանաբար դառնում ենք մեծ համայնք, որտեղ ապրում են մարդիկ, այսօր ապրում են, վաղը պարզ չէ, թե ինչպես են ապրելու, ինչով են ապրելու, ում երաշխիքներով են ապրելու և ընդհանրապես շարունակելո՞ւ են ապրել, թե՞ ոչ, որովհետև երիտասարդության մեծ մասն այսօր մտածում է, թե երբ է վիրուսն ավարտվելու, որ սահմանները բացվեն, սկսեն էլի իրենց բախտը փնտրել ուրիշ երկրներում: Սա խայտառակություն է: Այս խայտառակությունը, եթե ժողովուրդը չի պատկերացնում, կամ ժողովրդի մեծ մասը չի պատկերացնում, կամ նրանց որոշ մասին դեռ թվում է, թե Նիկոլը մի օր խելքի է գալու, չի լինելու տենց բան»,- ասաց Զաքարյանը և պնդեց, որ մենք չենք կարող մեր ապագան վստահել այն մարդկանց, որոնք չեն պատկերացնում:

Տեսանյութեր

Լրահոս