«Բա որ 2019-ին էիք չարաշահումներ հայտնաբերել, ինչո՞ւ հենց ա՛յդ ժամանակ Վահե Հակոբյանին չհրավիրեցիք հարցաքննության». Էրիկ Ալեքսանյան

Այսօր Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի փաստաբաններ Էրիկ Ալեքսանյանն ու Ժիրայր Ղարագյոզանը հայտարարություն էին տարածել իրենց վստահորդի նկատմամբ սկսված քրեական հետապնդման վերաբերյալ, նշել, որ 2021 թվականի հունվարի 29-ին Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանին հրավիրել են Սյունիքի մարզային քննչական վարչություն՝ ըստ քննիչ Հ. Սարգսյանի խոսքերի՝ վկայի դատավարական կարգավիճակով հարցաքննության։
Փաստաբաններն այս քրեական հետապնդումը պայմանավորել էին Վահե Հակոբյանի քաղաքական ակտիվությամբ:
Հայտարարությանը քիչ առաջ արձագանքեց նաև ՀՀ Քննչական կոմիտեն:

Հաշվեքննիչ պալատի կողմից 2019թ. օգոստոսին ստուգումներ են իրականացվել Սյունիքի մարզպետարանում և ենթակա հիմնարկներում, որի ընթացքում հայտնաբերվել են չարաշահումներ:

Այս մասին 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեցին ՀՀ Քննչական կոմիտեից:

«Մասնավորապես՝ պարզվել է, որ նախկին մարզպետ Վ.Հակոբյանը, նրա երկու օգնականները և վարորդը 2017-2018թթ. ընկած ժամանակահատվածում աշխատանքի չեն հաճախել, սակայն ստացել են աշխատավարձ»,- ասաց ՔԿ մամլո խոսնակ Ռիմա Եգանյանը:

Ասացին նաև, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 2-րդ մասի 1-ին կետով, 314-րդ հոդվածի (պաշտոնեական կեղծիքը) 1-ին մասով:

«Հարուցված քրեական գործի շրջանակներում Վ.Հակոբյանը, վկայի դատավարական կարգավիճակով, 2020թ. դեկտեմբերի 14-ի ծանուցագրով հրավիրվել է ՀՀ քննչական կոմիտե, սակայն նրա փաստաբանը վարույթն իրականացնող մարմնին տեղեկացրել է և խնդրել այցը հետաձգել՝ Վ.Հակոբյանի անձնական խնդիրներով պայմանավորված, ինչին ի պատասխան՝ քննիչն ընդառաջել է և նրան հարցաքննության հրավիրել 2021թ. հունվարի 29-ին»,- նշեց ՔԿ խոսնակը:

Վահե Հակոբյանի փաստաբանական թիմի անդամ Էրիկ Ալեքսանյանին 168.am-ը խնդրեց մեկնաբանել ՔԿ հայտարարությունը:

«Քննչական կոմիտեի հայտարարության մեջ արդեն իսկ անմեղության կանխավարկածի խախտում կա: Մենք դեռ որևէ կարգավիճակ՝ մեղադրյալի կամ կասկածյալի, չունենք, Վահե Հակոբյանի նկատմամբ որևէ վերջնական դատավճիռ չկա, սակայն իրենք գումարների յուրացման կամ վատնման վերաբերյալ ձևակերպում են տալիս»,- ասաց նա:

Էրիկ Ալեքսանյանը նշեց նաև, որ բացի դրանից, ըստ այդ հայտարարության՝ 2019թ. ստուգումներ են կատարվել, ինչը ենթադրում է, որ այդ ժամանակ էլ նշված փաստով քրեական գործը հարուցվել է:

«Հետևաբար՝ տրամաբանական հարց է առաջանում՝ այդ ժամանակահատվածում ինչի՞ Վահե Հակոբյանը չի հրավիրվել նախաքննական մարմին ու չի հարցաքննվել, իսկ դա տեղի է ունենում միայն այն ժամանակ, երբ համապատասխան քաղաքական հայտարարություններ է կատարում: Հենց սրանով է պայմանավորված, որ մենք սա համարում ենք քաղաքական հետապնդում»,- ասաց փաստաբանը:

Նա կրկին շեշտեց, որ, երբ ստուգումներն իրականացվել են, ու հայտնաբերվել է ենթադրյալ չարաշահման փաստը, հենց այդ ժամանակ էլ պետք է հարուցվեր քրեական գործը ու Վահե Հակոբյանը հրավիրվեր հարցաքննության:

«Բա որ 2019-ին էիք չարաշահումներ հայտնաբերել, ինչո՞ւ հենց այդ ժամանակ Վահե Հակոբյանին չհրավիրեցիք հարցաքննության, այլ հիմա, երբ նա կոնկրետ սուր քննադատություններով է հանդես գալիս իշխանությունների հասցեին»,- եզրափակեց Էրիկ Ալեքսանյանը:

Տեսանյութեր

Լրահոս