Հայաստանին ապաշրջափակում պետք է, բայց ոչ ազգային շահերը մանրադրամի վերածելու տեսքով. Արմեն Աշոտյան
Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով պատերազմից հետո ստորագրված հայտարարությանը, որում ընդգրկված կետերից մեկով նախատեսվում է ճանապարհների ապաշրջափակում, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն ասաց, որ Հայաստանին ապաշրջափակում պետք է, բայց ի՞նչ գնով:
«Հայաստանին պե՞տք է ապաշրջափակում, իհարկե, ի՞նչ գնով, ոչ ազգային շահերը մանրադրամի վերածելու գնով, ոչ պարտության հետևանքով: Ո՞ր ուղղությամբ են պետք, դե եկեք պարզ խոսենք: Հայաստանին պետք է Ռուսաստանի հետ երկաթգծային փոխադրումների կազմակերպում, բայց ոչ թե Ադրբեջանով, այլ Վրաստանով: Մենք տարիներ շարունակ ասում ենք, որ աբխազական երկաթգիծը պետք է բանակցենք, բացենք, կամ «Рокский тоннель» կոչվածը՝ Հարավային Օսիայով, բայց ոչ Ադրբեջանով: Քանիցս խոսել ենք, որ, եթե Նախիջևանով սկսեց աշխատել այդ զարկերակը, մեր Սյունիքը մեռնելու է: Սյունիքը վերածվելու է անպիտան, աշխարհաքաղաքական իմաստով անհետաքրքիր, Հայաստանի համար անհետաքրքիր վայրի, որը շատ արագ ընկնելու է թուրք-ադրբեջանական ուղղակի ազդեցության տակ, իսկ այստեղ կա Իրանը: Էս պրիմիտիվ ստահակները մտածում էին, որ այդ թուրանական դարպաս կոչվածը ո՛չ Ռուսաստանին է պետք, ո՛չ Իրանին է պետք, իհարկե, ոչ մեկին պետք չէր, Հայաստանին պետք չէր նախ և առաջ, բայց մեզանից առաջ ոչ մեկը մեր փոխարեն չէր պայքարելու, որ կանխեր նման զարգացումները Հայաստանում ու քարտեզում»,- ասաց Աշոտյանը:
Նա նշեց նաև, որ 2018-ի իշխանազավթումն ուներ աշխարհաքաղաքական հովանավորներ, իսկ 17 կուսակցությունների շարժումը չի սպասարկում արտաքին քաղաքական շահ և պետք է միայն Հայաստանին: Աշոտյանը նաև վստահեցրեց, որ վերադարձի նպատակ չունեն:
«Թույլ տվեք անեկդոտով սահմանափակվել: Մեկը Երևանի կենտրոնում կանգնած քըշ-քըշ է անում, մեկը մոտենում հարցնում է՝ էս ի՞նչ ես անում, պատասխանում է՝ կոկորդիլոս եմ քշում, ասում է՝ բայց էս քաղաքում կոկորդիլոս չի ապրում, պատասխանում է՝ դե քշում եմ, դրա համար էլ չի ապրում: Էս անեկդոտն ինչո՞ւ հիշեցի, որովհետև էն որ ասում են, թե նախկինները վերադառնում են, ես կանխում եմ նախկինների վերադարձը, նախկինները չեն ուզում վերադառնալ, պետք է այդ անեկդոտի տրամաբանության մեջ՝ քըշ-քըշ անելով վախեցնել մարդկանց այն վտանգով, որը գոյություն չունի»,- ասաց Աշոտյանը: