Պատերազմի ընթացքում Ադրբեջանին հաջողվեց կառուցել նոր գազամուղ. սա խայտառակություն է. Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրեց, թե ինչպես էր ստացվում, որ իրենց իշխանության օրոք այսպիսի լայնածավալ պատերազմ տեղի չէր ունենում: Աշոտյանի խոսքով՝ կար երկու նախապայման:
«Մենք ասում էինք՝ Ադրբեջան, Արցախը պետք է լինի անկախ պետություն, ինքը կորոշի իր ապագան, միջազգային հանրությունը համաձայն էր, դրա դիմաց պատրաստ էինք ազատել որոշ տարածքներ՝ 5+2, բայց մինչև չլուծվեր կարգավիճակի հարցը, մենք չէինք պատրաստվում ազատել այդ տարածքները: Մենք ասում էինք՝ Ադրբեջան, եթե դու սկսես պատերազմ, մենք երկու բան կանենք, առաջին՝ մենք իսկանդերով կխփենք քո գազանավթային ուղիներին և քո ֆինանսական պորտալարը կկտրենք, պլյուս ասում էինք՝ Արևմուտք, տիրություն արա քո միլիարդներին, դրված այդ հողի մեջ, որովհետև, եթե Ադրբեջանի գյամերը չքաշես, մենք կթաղենք քո միլիարդավոր ներդրումները հենց այդտեղ: Երկրորդը ասում էինք՝ պատերազմ սկսեցի՞ր, Ադրբեջան, երկա՞ր տևեց, եթե հասկացանք, որ լուրջ պատերազմ ես անում, ապա կճանաչենք Արցախի անկախությունը, դրանով վերջ կդնենք բանակցային ձևաչափին, և այլն: Մենք ասում էինք, աշխարհ, չես ուզում չէ՞, որ մենք նավթագազային ուղիներին խփենք, չես ուզում, չես ուզում, չէ՞, որ Արցախի անկախությունը հիմա ճանաչենք ու վիժեցնենք, ստոպ տանք բոլոր բանակցությունները, դե Ալիևի գյամերը քաշի, ու աշխարհը քաշում էր Ալիևի գյամերը՝ այս երկու կարևոր հանգամանքներից ելնելով: Ալիևը դա խոստովանում էր, որ իր գյամերը, իր ականջները քաշում են: Հայաստանն այնքան խելոք էր բանակցում, որ աշխարհի ձեռքերով քաշում էր Ալիևի ականջները, նաև երբեմն մեր զինվորների ձեռքերով էր քաշում՝ Ապրիլյան պատերազմը վկա»,- ասաց Աշոտյանը:
Նա նշեց, որ հնարավոր էր, այս երկու խաղաթուղթն օգտագործելով, խուսափել լայնածավալ պատերազմից:
«Ինչ եղավ հետո՝ դավաճանություն էր, քանի որ պատերազմի ընթացքում ՀՀ իշխանությունները տվեցին երաշխիքներ, որ չեն խփելու գազանավթամուղերին: Ոչ միայն չխփեցին, այլ ինչ եղավ՝ նոնսենս էր: Պատերազմի ընթացքում Ադրբեջանին հաջողվեց կառուցել նոր գազամուղ դեպի Եվրոպա»,- ասաց Աշոտյանը:
Նա նաև պնդեց, որ բանակցային նոր բովանդակություն գործող իշխանությունն ունակ չէ ձևակերպել: