«Մակունցն ամերիկյան ազդեցության գործակալ է. սրիկայի մերձավոր շրջապատը որոնում է փախուստի ճանապարհներ». Արմեն Աշոտյան

Շաբաթ օրը Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը տելեգրամի իր  ալիքում գրել էր, որ Նիկոլ Փաշինյանը որոշել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին նշանակել ԱՄՆ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան: Լիլիթ Մակունցը լրատվականներից մեկի հետ զրույցում հաստատել էր՝ նման հարց օրակարգում կա, սակայն դեռ  քննարկման փուլում է: ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով այս տեղեկատվությանը, ասաց.

«Լիլիթ Մակունցը եղել է և կա Հայաստանում ամերիկյան ազդեցության գործակալ, խնդրում եմ` չշփոթել բուն գործակալի հետ, իհարկե, իր այս հնարավոր նշանակումը քաղաքական իմաստով խաբեություն է, մասնագիտական իմաստով թյուրիմացություն է, պետական իմաստով խայտառակություն է: Բացատրեմ՝ ինչո՞ւ: Լիլիթ Մակունցի քաղաքական կարիերայի առաջին և վերջին, բացառիկ ձեռքբերումն այն է, որ նա հանդիսանում է սրիկայի ուսապարկերի պահեստապետն ԱԺ-ում: Իր քաղաքական ֆունկցիան բացառապես ուսապարկերի պահեստապետ լինելն է, և այդ իմաստով զավեշտալի է ուսապարկերի պահեստապետին նշանակել նման ռազմավարական կարևորության երկրում դեսպան: Խաբեություն է, որովհետև նույն այդ դավադիր սրիկան նախկինում առնվազն երկու անգամ հայտարարել է, որ քաղաքական նշանակումներ դեսպանների չեն լինելու, այդ նշանակումները սխալ են, «նախկինները» շատ էին դա անում, ինքը դա չի անելու: Մասնավորապես, նման հայտարարություն նա արել է 2018-ի մայիսի 8-ին, երբ առաջադրվում էր՝ որպես վարչապետ: Հետո ասել է նաև 2019-ի մայիսի 8-ին, երբ հրապարակում էր իր 100 հեքիաթների ժողովածուն հերթական, այդտեղ 63-րդ թե 67-րդ կետն էր այդ մասին»,- ասաց Աշոտյանը:

Ինչ վերաբերում է մասնագիտականին, ՀՀԿ փոխնախագահն ասաց` այն, թե ով կարող է նշանակվել այդ պաշտոնում, սահմանում է օրենքը:

««Դիվանագիտական ծառայության մասին» օրենքը պարզ բանաձևում է, որ դիվանագիտական ծառայությունը մասնագիտական գործունեություն է: Օրենքն է դա ասում: Մակունցի մասնագիտական ունակություններն արտաքին աշխարհի հետ շփվելիս սահմանափակվել են ժամանակին Հայաստանի բուհերից մեկում իր՝ Արտաքին կապերի վարչության պետի պաշտոնով: Այս գումարման ԱԺ-ում, երևի  քչերը գիտեն, որպես խորհրդարանական դիվանագիտության պատասխանատու՝ նա եղել է ընդամենը 2 բարեկամական խմբերի ղեկավար՝ ԱՄՆ և Մեծ Բրիտանիա: Դե, քանի որ ո՛չ ես, ո՛չ հանրությունը տեղյակ չէ իր աշխատանքի արդյունքների մասին, կարող ենք փաստել, որ այստեղ ևս նա «որևէ աստղ երկնքից չի բռնել»»,- ասաց Աշոտյանը:

ՀՀԿ փոխնագահը փորձեց նաև լավ բան գտնել այս ամենի մեջ:

«Առաջին լավ բանն այն է, որ Մակունցի նման նշանակումը փաստում է, որ սրիկայի մերձավոր շրջապատը սկսել է որոնել փախուստի ճանապարհներ: Այսինքն` Մակունցը փորձում է փախչել այն պատասխանատվությունից, որը վերահաս է այս խունտայի նկատմամբ: Ուզում եմ իրեն հիասթափեցնել: Ոչ մի Ատլանտյան օվկիանոս Լիլիթ Մակունցին չի փրկելու հայ ժողովրդի արդար պահանջից ու պատասխանատվությունից: Երկրորդ լավ բանը նա է, որ, երբ որ Արտգործնախարար փոխվեց, և ես շատ սուր քննադատության ենթարկեցի նորանշանակ նախարարի համաձայնությունը՝ աշխատելու այս սրիկայի կառավարության ներսում: Ոմանք չհասկացան, թե ինչո՞ւ եմ ես միանգամից այդպիսի դիագնոզ դնում, տեսեք, արտգործնախարար, որին սրիկան անգամ բանի տեղ չի դնում դեսպաններ նշանակելիս, ԱԳՆ, որի կարծիքն անգամ իր երկրի ներսում հաշվի չեն առնում, ո՞նց է այդ ԱԳՆ-ն մեր երկիրը ներկայացնելու դրսում՝ միջազգային հարաբերություններում»,- ասաց Աշոտյանը:

Տեսանյութեր

Լրահոս