Նիկոլը 2.5 տարի դիտմամբ քանդել է մեր բանակցային դիրքերը, տարածաշրջան հրավիրել թուրքերին. Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հիշեցրեց, որ պատերազմից 4-5 օր առաջ ևս ասուլիս է հրավիրել՝ նախազգուշացնելով, որ պատերազմը մոտ է:
«Պատերազմից 4-5 օր առաջ այդ ասուլիսը կարծես արդեն խելագարության հասած պայծառատեսի վերջին ճիչը լիներ»,- ասաց Աշոտյանը և ափսոսանք հայտնեց, որ ընդդիմադիրները չեն կարողացել ավելի վաղ բացել հասարակության աչքերը:
ՀՀԿ փոխնախագահը հիշեց, որ պատերազմից առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բացահայտում էր արել՝ ասելով, որ Նիկոլ Փաշինյանն իրեն խնդրել է 2018-ին չկրակել մեր սահմանների ուղղությամբ, որ սահմանին հանգիստ լինի, արդյունքում՝ ինքն էլ երկրի ներսում լուծի իր ընդդիմախոսների հարցերը:
«Այդ ժամանակ դա ՀՀԿ-ն էր, որը դեռ խորհրդարանական ֆրակցիա էր, և նաև գնում էինք ընտրությունների: Նիկոլ Փաշինյանը վաճառեց Հայաստանի ներքաղաքական կյանքը, ժողովրդավարությունը, Դուշանբեում ձեռք բերված վերելակային պայմանավորվածությունը, նաև Վիեննա և Սանկտ Պետերբուրգը՝ որպես պայմանավորվածություն, իր իշխանությունը վերարտադրելու համար: Պատերազմը տեսանելի էր, տեսանելի էր շատերի համար: Այն, որ Նիկոլ Փաշինյանի կողմից 2018-ի ապրիլին իշխանազավթումը պայմանավորված էր Արցախյան հարցով, մեզ համար տեսանելի էր հենց առաջին իսկ օրվանից: Ես հիշում եմ իմ ելույթը 2018-ի մայիսի 1-ին ԱԺ ամբիոնից, որտեղ մերժելով այդ սրիկայի թեկնածությունը որպես վարչապետ, ես բաց տեքստով ասացի, որ չեմ ընտրելու նրան, որ նա չդառնա ՀՀ-ի կործանման պատճառը, կամ ՀՀ-ի վերջին վարչապետը: Ավաղ, կանխատեսումները ճիշտ էին, ճիշտ էին մնացած բոլոր կանխատեսումները ևս»,- ասաց Աշոտյանը:
ՀՀԿ փոխնախագահի խոսքով՝ պատերազմը՝ իր այս ծավալով, այս վերքերով, խորությամբ, դաժանությամբ, տևողությամբ, հասունացրել է Նիկոլ Փաշինյանը:
«Այս պատերազմը հայ ժողովրդի գլխին բերել է Նիկոլ Փաշինյանը՝ թե՛ բանակցային, թե՛ ռազմական, թե՛ արտաքին քաղաքական ու անվտանգային բազմաթիվ, վստահ եմ, դիտավորյալ գործած սխալներով: Մարդ կարող է մեկ անգամ սխալվել, երկու անգամ սխալվել, երեք անգամ սխալվել, փորձի լսել իրենից ավելի խելացի մարդկանց՝ փորձագետների, մասնագետների, վերջիվերջո, Արցախյան բանակցությունների մասին տեղեկանար ոչ թե Ալիևից, այլ, օրինակ՝ Սերժ Սարգսյանից: Բայց չէ, նա միտումնավոր կերպով 2.5 տարի քանդում էր Հայաստանի բանակցային դիրքերը, նա տարածաշրջան էր հրավիրում Թուրքիային»,- ասաց Աշոտյանը:
Նա հիշեց, որ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 24-ի իր ելույթում այդպես էլ չէր դատապարտել Թուրքիային կատարած ցեղասպանության և մերժողականություն ցուցաբերելու համար: Աշոտյանի պնդմամբ՝ Նիկոլ Փաշինյանը և Արարատ Միրզոյանը ցեղասպանության մասին չէին խոսում նաև միջազգային ամբիոններից:
«Նա հրավիրեց Թուրքիային տարածաշրջան, ուղեգիրը դեպի Արցախյան պատերազմ Թուրքիայի համար վաճառել է Նիկոլ Փաշինյանը, միաժամանակ ամեն ինչ անելով, որ Ռուսաստանը դուրս մղվի այդ ժամանակահատվածում Հարավային Կովկասից»,- ասաց Աշոտյանը: