«Ռուսական «Sputnik V» պատվաստանյութն ամբողջ աշխարհում դեռևս ամենադրական արդյունքներն է գրանցել». Գևորգ Գրիգորյան

Առողջապահության նախարարությունը «Իմունականխարգելման հարցերով հանրապետական խորհրդատվական փորձագիտական հանձնաժողովի» կայացրած որոշման համաձայն՝ ձեռք կբերի Միացյալ Թագավորության «AstraZeneca» ընկերության պատվաստանյութ:

168.amԱռողջապահության կազմակերպիչ, «COVID-19 Հայաստան. փաստահավաք խմբի» ներկայացուցիչ, բժիշկ Գևորգ Գրիգորյանից հետաքրքրվեց, թե որքանո՞վ է նպատակահարմար հենց այս պատվաստանյութի գնումն այն պարագայում, երբ Միացյալ Թագավորությունում կորոնավարակի դեմ պայքարն այնքան էլ լավ արդյունքներ չի գրանցում, իսկ Հայաստանում արդեն բարեհաջող կերպով փորձարկվել է ռուսական «Sputnik V» պատվաստանյութը: Պատվաստվողներից մեկն էլ եղել է Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը:

«Դեռևս ամբողջ աշխարհով մեկ ամենադրական արդյունքները և ամենաքիչ բացասական, կողմնակի երևույթները գրանցվել է «Sputnik V» պատվաստանյութից, մնացածից,  բազմաթիվ հրապարակումներ կան, որ մարդկանց մոտ ցանավորումներ են եղել, նույնիսկ մահեր են գրանցվել, դեմքի կաթված է գրանցվել, որը, իհարկե, հետո անցել է, բայց բարդություններ են: Եթե մենք ունենք «Sputnik V» պատվաստանյութ, որը մինիմալ վտանգներ է իր մեջ պարունակում, իմաստը ո՞րն է՝ այլ պատվաստանյութ ձեռք բերելու, որը դեռևս փորձարկված էլ չէ, և էքստրեմալ վիճակներում են թույլատրել, որ այդ պատվաստանյութը մտնի եվրոպական շուկա: Ես դրա իմաստը չեն տեսնում: Ընդ որում՝ «AstraZeneca» ընկերությունը, ըստ որոշ տվյալների, իր իրավական անվտանգությունն ապահովել է, այսինքն՝ «AstraZeneca» ընկերությունը ոչ մի պատասխանատվություն չի կրում իր պատվաստանյութի բացասական երևույթների համար:

Դա մի տեսակ անհանգստություն է առաջացնում ինձ մոտ, որ եթե ինչ-որ մի ընկերություն ինչ-որ պրոդուկտ է արտադրում, որը պոտենցիալ կարող է վնաս տալ ժողովրդին, ինչո՞ւ պատասխանատվություն չի կրում, և երկրորդը՝ եթե նրանք արդեն իրավական կերպով անվտանգություն են ապահովում, ապա դա պոտենցիալ վնասակար պատվաստանյութ է: Ոչ վաղ ժամանակահատվածում ես տեսել եմ Ռուսաստանի ОРТ հեռուսատաընկերության  ռեպորտաժը, որտեղ ասվում է, որ «AstraZeneca» ընկերության պատվաստանյութը ցուցաբերել է ցածր արդյունավետություն, և իրենք հենց Աստրազենակայից հասկացել են, որ արդյունավետությունը ցածր է, զուտ նրա պատճառով, որ կողմնակի երևույթների քանակը ցածր  է եղել, այսինքն՝ նրանք ակնկալում էին ավելի շատ կողմնակի երևույթներ: Հիմա ուզում եմ հասկանալ՝ նման պրոբլեմատիկ պատվաստանյութը  մեր առողջապահական համակարգի համար ինչքանո՞վ է անհրաժեշտություն համարվում, կամ արդյոք պարտավորություննե՞ր ունենք այդ ընկերության դիմաց, որ պարտադիր պետք է իրենց պատվաստանյութը վերցնենք:  Դրանք հարցեր են, որոնք դեռևս պատասխան չունեն»,- ասաց Գրիգորյանը:

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պատվաստանյութը ձեռք է բերվելու «COVAX FACILTY» նախաձեռնության շրջանակներում, որը փոքրաթիվ բնակչություն ունեցող երկրներին հնարավորություն է տալիս ավելի էժան տարբերակով գնել պատվաստանյութը: Որոշվել է չմերժել «AstraZeneca» ընկերության պատվաստանյութի ձեռքբերումը` հաշվի առնելով հնարավորինս վաղ ժամկետում հասանելիությունը (2021 թվականի մարտ) և արժեքի մատչելիությունը: Գևորգ Գրիգորյանի տեղեկություններով՝ «AstraZeneca» ընկերության պատվաստանյութը մոտ երկու անգամ թանկ է ռուսական «Sputnik V» պատվաստանյութից:

«Փաստացի մեկ ամիս է մնացել 2021-ի մարտին: Այդ ընթացքում, առանց այդ նման համընդհանուր կազմակերպությունների, Ռուսաստանը ստեղծեց «Sputnik V» պատվաստանյութը և լայնամասշտաբ պատվաստումներ է իրականացնում իր բնակչության շրջանում: Իմաստը ո՞րն է  «COVAX FACILTY»-ի զեղչերից օգտվելու, եթե ռուսական պատվաստանյութն առանց դրա էլ մատչելի է: Ոնց որ մենք ուզենանք ավելի լավ առաջարկ գտնել, բայց միշտ, չգիտեմ ինչու, ավելի վատ առաջարկ է ստացվում»,- ասաց Գրիգորյանը:

Մյուս պատվաստանյութերի մասին բժիշկն ասաց.

««Pfizer»-ից բավականին կողմնակի երևույթներ են եղել, կարծես Եվրոպան էլ հակված չէ «Pfizer»-ի պատվաստանյութը կիրառել, չնայած Առողջապահության համաշխահային կազմակերպությունը, խախտելով փորձարկումների որոշակի էտապներ, թույլ է տվել կիրառությունը, իսկ «Moderna»-ի պատվաստանյութը դեռ չի էլ գրանցվել, որ շրջանառվի՝ որպես հնարավոր միջոց»:

Տեսանյութեր

Լրահոս