Բաժիններ՝

«Երևի մտածել են՝ մենք էլ ենք կոտորվելու, այն էլ սխալ են մտածել, մենք չկոտորվանք». պատերազմի մասնակիցների հասանելիք գումարը չեն վճարել

Մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա էին անցկացնում Պաշտպանության նախարարության շենքի դիմաց՝ պահանջելով վճարել իրենց հասանելիք գումարը, քանի որ մասնակցել են պատերազմական գործողություններին, սակայն մինչ օրս չեն վճարվել:

Ակցիայի մասնակիցներից Դավիթ Հովհաննիսյանն ասաց, որ ինքն առաջնագիծ է մեկնել՝ որպես կամավոր, վերադարձել է նոյեմբերի 30-ին, այս ընթացքում հանդիպել են թե՛ նախարարության աշխատակիցների, թե՛ Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանի հետ, խոստացել են, որ գումարը կփոխանցեն, սակայն մինչ օրս պետությունն իրենց հասանելիք գումարը չի վճարել.

«Վերջին անգամ եղել ենք Լաչինում՝ «Դժոխքի ձոր» կոչվող վայրում: Մենք ի սկզբանե չենք իմացել, որ մեզ դրամական փոխհատուցում պետք է լինի, հետո, որ իմացել ենք՝ մեզ հասանելիք օրենքով սահմանված կարգով կա նման նախաձեռնություն, դիմել ենք տարբեր կառույցների, ընդհուպ՝ մինչև կառավարություն, մեր հարցին ոչ մեկը հստակ լուծում չի տվել: Դեկտեմբերի 28-ին եկել եմ նախարարություն, մեզ դիմավորել է ԱԿԳՎ-ի պետ գնդապետ Արա Առաքելյանը, ասաց՝ վաղը, մաքսիմում՝ մյուս օրը, այսինքն՝ դեկտեմբերի 30-ին պետք է մեր գումարները փոխհատուցվի, սակայն դեկտեմբերի 30-ին տեսանք, որ այդ գումարներն էլի չի փոխանցվել: Նորից եկել եմ նախարարություն, ներքին հեռախոսով կապ եմ հաստատել Առաքելյան Արայի հետ, ասել եմ, որ փոխանցումները չկան, հարցրել եմ՝ ո՞ւմ ասենք, ո՞ւմ բողոքենք, պատասխանել է՝ Հայաստանիդ վարչապետին: Մոտեցել եմ կառավարության շենք, վարչապետի հետ հանդիպում եմ խնդրել, կապվել եմ Նիկոլ Փաշինյանի օգնականի՝ Նաիրի Սարգսյանի հետ, ասաց՝ վաղվանից մեկնարկում են ոչ աշխատանքային օրերը, այդ իսկ պատճառով մեր հարցին չի կարող շուտափույթ լուծում տալ, ասաց, որ հենց աշխատանքային օրերը մեկնարկեց, այդ հարցին լուծում կտանք»:

Պատերազմի մասնակիցը պատմեց, որ ևս մեկ հեռախոսազրույց Նաիրի Սարգսյանի հետ ունեցել է հունվարի 12-ին, այս անգամ էլ Փաշինյանի օգնականը հայտնել է, թե Արցախի նախագահը գտնվում է Հայաստանում, իր հետ կխոսեն և ստույգ պատասխան կտան, սակայն 10 օր է անցել, Նաիրի Սարգսյանը չի զանգահարել:

«Նախորդ շաբաթ կրկին եկել եմ նախարարություն, հանդիպում եմ ունեցել գեներալ-մայոր Ավետիսյան Վարդանի հետ, նա տեղեկացրեց, որ այստեղից Արցախ հանձնաժողով է  մեկնել այդ հարցերի կարգավորման համար, ասացին՝ մաքսիմում երկուշաբթի-երեքշաբթի ձեր գումարները կնստի, հանձնաժողովն է այնտեղից ասել: Հիմա եկել ենք, ուրբաթ է այսօր, ոչ մի գումար չի նստել»,- ասաց ակցիայի մասնակիցը:

Նրա փոխանցմամբ՝ միայն իրենց զորքը 350 հոգի էր, սակայն տեղեկություններ ունի, որ 2700 մարդ փոխհատուցում չի ստացել:

Ակցիայի մասնակիցներից մեկն էլ դժգոհեց, որ իրենց վաշտի ցուցակները որևէ տեղ չկա.

«Հենց սկզբի օրը, որ մեզ տարան, երևի մեր վաշտի ցուցակներն էլ են գցել անհետ կորածների մեջ, երևի մտածել են, որ մենք էլ ենք կոտորվելու, այն էլ սխալ են մտածել, էլի, մենք չկոտորվանք: Մինչև հիմա ոչ մի զորամասի վրա գրանցված չենք …»:

Ակցիայի մասնակիցներին հրավիրել էին Պաշտպանության նախարարություն, որպեսզի գրանցեն  նրանց անուն-ազգանունները: Առայժմ հայտնի չէ, թե այս անգամ ինչ են խոստացել կամ վստահեցրել, միայն հայտնի է, որ հորդորել են դադարեցնել ակցիան և սպասել պատասխանի:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս