«Հավանաբար Սասուն Խաչատրյանի «անուրանալի» ծառայությունների համար նրա եղբորը փորձում են ԲԴԽ անդամ ընտրել». Արսեն Բաբայան
Ազգային ժողովի դիմաց այսօր բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիները բողոքում էին ԱԺ-ի կողմից Գագիկ Ջհանգիրյանին և Արմեն Խաչատուրյանին ԲԴԽ անդամ ընտրելու որոշման դեմ՝ համարելով, որ դրանով իշխանությունն ուզում է իր վերահսկողության տակ դնել դատական համակարգը:
Չնայած նրան, որ ակցիան այլ հարցի վերաբերյալ էր, լրագրողները «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանից հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս է վերաբերվում, երբ իրենք հայտարարում են, որ երկիրն իշխանություն, վարչապետ չունի, բայց իրենց կուսակցության հետ համագործակցող ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները հունվարի 20-ին Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ոչ միայն նիստերի դահլիճում էին, այլև Նիկոլ Փաշինյանին դիմում էին պարոն վարչապետով և հարցեր էին ուղղում նրան:
«Ամեն մարդ ինքն է ընտրում՝ ինչպես դիմել, չեմ կարծում թե իմ մեկնաբանությունը տեղին կլինի, կարող եք հարցնել իրենց: Ես, օրինակ՝ Նիկոլին դիմում եմ՝ Նիկոլ Ալիևով, որպես ազգանուն՝ օգտագործում եմ Ալիևը, թե մյուսներն ինչպես են դիմում, ես չէ, որ պետք է մեկնաբանեմ,- ասաց Բաբայանը, ապա հավելեց,– Մենք հավաքվել ենք այստեղ, որ այս թուրք-ադրբեջանական արտադրության ուսապարկերի ժողովին բացատրենք, որ չի կարելի այն դեպքում, երբ դուք ունեք բազմաթիվ գերիներ, որոնց անուններն անգամ չգիտեք, հավաքվել եք ու ԲԴԽ անդամներ եք ընտրում: Նույնիսկ չխոսենք անձերից այդ թեկնածուների, թեև այնտեղ մի անձ կա, որ բացի այն, որ Սորոսի հիմնադրամի տնօրենների խորհրդի գլխավոր տնօրենի պաշտոն է զբաղեցնում, նաև ՀՔԾ ղեկավար Սասուն Խաչատրյանի հարազատ եղբայրն է, և հավանաբար Սասուն Խաչատրյանի «անուրանալի» ծառայությունների համար նրա եղբորը փորձում են վարձահատույց լինել:
Բաբայանի խոսքով՝ այս իշխանությունը փորձում է ցույց տալ, թե իբր ՀՀ-ում չկան խնդիրներ, թե պատերազմից հետո ՀՀ-ում գոյություն չունեն այնպիսի հրատապ հարցեր, ինչպիսիք են քաղաքացիներին պաշտպանելը նրանց տները կորցնելուց, ինչպես նաև՝ գերիների վերադարձի հարցը:
Լրագրողի հարցին, թե՝ ինչպե՞ս կմեկնաբանեք, երբ իշխանությունները բոլոր անհաջողություններում մեղադրում են նախկին իշխանություններին, սակայն Գագիկ Ջհանգիրյանին, որը եղել է նախկին բարձրաստիճան պաշտոնյա, ընտրում են ԲԴԽ անդամ, Արսեն Բաբայանը պատասխանեց.
«Շատ պարզ, ստում են, սուտ են խոսում, Նիկոլ Ալիևը ստում է, նա կանգնում է և Ազգային ժողովի ամբիոնից ասում է՝ ընդդիմության գործողությունները վնասում են գերիների վերադարձին, նա ստախոս է, ստում է, նա փորձում է հանրությանը մոլորեցնել, հանրության մի հատվածին մեր դեմ լարել, բայց հանրությունը շատ լավ գիտի, շատ լավ տեսել է նրա ստախոսության աստիճանը, կործանարար ստախոսությունը 44 օր պատերազմի ժամանակ և դրանից հետո, եթե այս իշխանության ուսապարկերը կարծում են, որ հանրությունն իրենց պաշտպանելու է՝ վիրավորում են այդ հանրությանը, որովհետև որևէ մարդ, որին 44 օր ստորաբար ստել են և բերել են պետությանն այս վիճակին, չի կարող հավատալ կամ վստահել այդ իշխանությանը, նրանք չեն հարգում այդ ժողովրդին, որի անունից անընդհատ խոսում են»:
Մանրամասները՝ տեսանյութում