«Պարոն Ջհանգիրյանի օրոք տեղի ունեցած անօրինությունների մասին լեգենդներ են հյուսվում». Մամիջանյան
Ազգային ժողովի դիմաց ժամը 11:00-ից մի խումբ քաղաքացիներ և քաղաքական գործիչներ բողոքի ակցիա են իրականացնում ԱԺ-ի կողմից Գագիկ Ջհանգիրյանին և Արմեն Խաչատուրյանին Բարձրագույն դատական խորհրդի անդամ ընտրելու դեմ՝ համարելով, որ դրանով իշխանությունն ուզում է իր վերահսկողության տակ դնել դատական համակարգը:
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հայկ Մամիջանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ այսօրվա կայանալիքը տիպիկ ցուցադրում է Նիկոլ Փաշինյանի ստախոս և բացարձակ գաղափարազուրկ էությունը:
«Ինքը, 2.5 տարի է՝ գոչում է նախկինների մասին, բայց պարոն Ջհանգիրյանի անցյալը, պարոն Ջհանգիրյանի օրոք տեղի ունեցած անօրինությունների մասին լեգենդներ են հյուսվում: Խնդիրն այստեղ խորապես Ջհանգիրյանը չէ, խնդիրը կայանում է նրանում, որ մեր կառավարությունը փոխանակ մեր տղերքին հետ բերի, որոնք գերի են Ադրբեջանում, հրատապ կարգով կալանքի, դատարանների օրինագիծ է անցկացնում, արագ-արագ հապճեպ ԲԴԽ-ի նոր անդամի թեկնածություն է առաջարկում:
Ուզում եմ մեր բոլոր քաղաքացիները հասկանան, որ այս պահին Նիկոլի մտքին է միայն մեկին փորձել համոզել, որ Շուշին հայկական քաղաք չէր, մեկին համոզել, որ մեր երկրի համար պրոբլեմն ընդդիմադիրներն են, որ այն հիմար օրինագծերը, այն ապաշնորհ կառավարումը, այն փաստը, որ մեծ հավանականություն կա, որ փետրվար, մարտ ամիսներին ինքը ոչ թոշակ է կարողանալու տա, ոչ էլ նպաստ, այս սաղ կարևոր չէ, կարևորը, որ Հայկը հանկարծ կալանքից չխուսափի՝ չգործած մեղքերի համար:
Առիթը Ջհանգիրյանի ընտրությունն է, բայց ամբողջ տրամաբանությունը կայանում է հետևյալում՝ դավաճան Փաշինյանն իրավունք չունի շարունակել ղեկավարել, որովհետև ինքը, հերիք չի, ոչ մի բան չի անում, մի հատ էլ վնասում է ու փորձում է խանգարել այն մարդկանց, ովքեր փորձում են որևէ կերպ օգուտ տալ երկրին»,- ասաց Հայկ Մամիջանյանը:
Լրագրողների դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե միակ խանգարողը դուք եք, այդ թվում՝ գերիների վերադարձը կազմակերպելու մեջ, և, որ առաջարկում է արտահերթ ընտություններ անցկացնել, ինչո՞ւ չեք համաձայնում, Մամիջանյանը պատասխանեց.
«Միակ քաղաքական ուժը, որը գերիների հարցը հիմա շահարկում է, դա «Իմ քայլ»-ն է՝ Նիկոլի գլխավորությամբ, որովհետև Նիկոլը Մոսկվա մեկնելու, ճողոպրելու, փախնելու համար ասաց՝ գնում եմ գերիներից բանակցեմ, բայց մի տառ գերիներից չի խոսել: Արտահերթ ընտրությունների մասով նորից կրկնեմ, ինչպե՞ս եք պատկերացնում արտահերթ ընտրությունները, օրինակ, Շուռնուխի տասնքանի բնակարանները, որոնք հանձնվել է իրենց ապաշնորհ քաղաքականության կողմից, որտե՞ղ, Բաքվո՞ւմ են քվեարկելու, կամ այն պատգամավորները, որ այստեղով անցնելով՝ վախվխելով, արագ-արագ փորձում են ճողոպրել, մտնել Ազգային ժողով, իրենք ո՞նց են քարոզարշավ անելու, կամ լավ, այդ ամենը մի կողմ, քաղաքական բանավեճը ո՞նց եք պատկերացնում, ես պետք է գամ-նստեմ իրենց որևէ պատգամավորական թեկնածուի առաջ, բաժակով դրված ջուրը շփեմ վրան, ասեմ՝ դու դավաճանի աջակից ես, ու գնամ: Հանրապետական կուսակցությունն արդեն իսկ հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանի կազմակերպած արտահերթ ընտրությունները կեղծ օրակարգ է, միակ քաղաքական օրակարգն այս պահին Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է և ժամանակավոր կառավարության ստեղծումը, իսկ մեր վերաբերմունքն արտահերթ ընտրություններին մենք արդեն հայտնել ենք, Նիկոլի կազմակերպած արտահերթին մենք չենք մասնակցում»:
Մանրամասները՝ տեսանյութում