«Կոյուղաջրերը լցվում են մարդկանց տները». Վարդաշենի հանրակացարանի բնակիչներն ահազանգում են

Երևանի Էրեբունի վարչական շրջանի Վարդաշեն համայնքում գտնվող 68ա և 66/1 հանրակացարանների բնակիչներն ահազանգում են, որ այլևս հնարավոր չէ այնտեղ ապրել, շենքը վթարային է, մարդկանց կյանքը՝ վտանգված:

Բնակիչներից Աբրահամ Համբարձումյանը 168.am-ի հետ զրույցում ներկայացրեց, թե ինչ վիճակում է  շենքը՝ պատերն աստիճանաբար էլ ավելի են խարխլվում,  քարերը թափվում են.

«Այս ընթացքում, որ ձյունը եկել է, անընդհատ կաթացել է տանիքից, առաստաղը փլուզվել է, ունենք նաև պատշգամբների հետ կապված խնդիր: ԱԻՆ-ից մասնագետներ են եկել, պարզապես ասել են, որ չօգտագործենք պատշգամբները: 5-րդ հարկի ամբողջ պատշգամբը փլվել է, ոչ 4-րդ, ոչ 5-րդ հարկի բնակիչները չեն կարողանում օգտվել պատշհամբից, դեպքեր են եղել, որ քարերը երեխաների վրա են ընկել»:

Քաղաքացու խոսքով՝ ցրտի հետևանքով խնդիր է առաջացել նաև շենքի կոյուղատարի հետ.

«Ներկա պահին չենք դիմում կառավարությանը, որովհետև գիտենք, թե Հայաստանն ինչ վիճակում է, բայց քաղաքապետարանը, թաղապետարանը պետք է զբաղվեն, օգնեն, որ այս շենքի հարցը լուծվի, դիմում ենք, բայց ապարդյուն է, ոչ մի արձագանք չկա, ոչ մի բան չեն անում, որ գոնե վնասված կոյուղին վերանորոգվի, որպեսզի մարդիկ կարողանան սանհանգույցներից օգտվեն: Ամբողջ կոյուղաջրերը լցվում են մարդկանց տները, ինչպես նաև՝ շենքի բակ»:

Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Մարկոս Հարությունյանը, որը բազմիցս անդրադարձել է այս խնդրին, մեզ հետ զրույցում հայտնեց, որ քաղաքապետարանը նախորդ տարվա առանձին խնայողություններից 500 միլիոն դրամ է նախատեսել բազմաբնակարան կառուցելու առաջին փուլը սկսելու համար:

«Ընդհանուր ծախսը կազմում է 1.5-2 միլիարդ, պետք է 4 տարում կառուցեն 17 հարկանի շենք, որտեղ կտեղավորեն 4 հատ 4 հարկանի կամ այդ 2 վթարային շենքերը: Կոնկրետ Վարդաշենի մասով չեն իրականացնում, որովհետև Երևան քաղաքի տարածքում կա 10 չորրորդ կարգի վթարային շենք: Քաղաքապետարանն արդեն պետք է գնա հասկանա, թե դրա կարիքն ավելի շատ որտեղ կա, որը պետք է հրատապ քանդվի»:

Հիշեցնենք, որ 2020 թվականի օգոստոսի 12-ին Թուրքիայի Իգդիր քաղաքից 12 կմ հարավ-արևելք գրանցված 4.2 մագնիտուդով երկրաշարժը զգացվել էր նաև Երևանում։ Վարդաշենի 2 հանրակացարանների բնակիչներն էլ մեզ հետ զրույցում պատմել էին, որ շենքը ցնցվել էր, քարաթափում էր եղել, և, որ երեխաների հետ միասին դրսում էին լուսացրել: Բնակիչները պնդում են, որ շենքը 4-րդ կարգի վթարային է, սակայն քաղաքապետարանը չի հաստատում:

Տեսանյութեր

Լրահոս