
«Շուշին ադրբեջանակա՞ն, թե՞ հայկական քաղաք է». Անահիտ Ավանեսյանը խուսափեց պատասխանել հարցին

«Դուք ինչպե՞ս եք զգում, որ կառավարության ղեկավարը երեկ Ազգային ժողովի ամբիոնից փաստացի սպասարկում էր Ադրբեջանի շահը»,- Կառավարության նիստից հետո Առողջապահության նորանշանակ նախարար Անահիտ Ավանեսյանին հարց ուղղեցին լրագրողները, մեջբերելով Նիկոլ Փաշինյանի երեկ արված հայտարարությունը՝ «Ուզում եք ասել՝ 90 տոկոս և ավելի ադրբեջանցի բնակչություն ունեցող Շուշի քաղաքը հայկակա՞ն է իր այդ կարգավիճակով»:
«Իմ կարծիքով՝ վարչապետը ներկայացնում է Հայաստանի պետական շահը, այսքանով սահմանափակվենք»,- ասաց Ավանեսյանը:
Լրագրողը նախարարին հարցրեց, թե Շուշին իր համար ադրբեջանակա՞ն քաղաք է, թե՞ ոչ:
«Ես մեկնաբանություններին չեմ պատասխանի, եղել եմ Շուշի հայկական քաղաքում և շատ ջերմ, հուզական, լավ հիշողություններ ունեմ»,- պատասխանեց Ավանեսյանը, իսկ թե ինչո՞ւ է վարչապետը նման հայտարարություն արել, ինքը չի կարող ասել:
Լրագրողի հարցին՝ համաձա՞յն եք այն պնդումների հետ, որ Արսեն Թորոսյանը տապալել է կորոնավիրուսի դեմ պայքարը, և հիմա ինչպե՞ս եք գնահատում կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում, նախարարը պատասխանեց.
«Հայաստանում ներկայումս համաճարակային իրավիճակը բավականին կառավարելի շրջանակներում է, և մենք հնարավորինս փորձում ենք շարունակել մեղմ ձևով հակահամաճարակային միջոցառումներ իրականացնել: Կարանտինի մասին որոշումը վերջերս փոխվեց և մի շարք սահմանափակումներ դուրս եկան: Ուզում եմ հիշեցնել, որ կարանտինի որոշմամբ դիմակ կրելը պարտադիր է, անկախ նրանից, որ ոստիկանությունն ավելի մեղմ է մոտենում և չի կիրառում տուգանքները՝ հենվելով քաղաքացիների ինքնագիտակցության վրա, ուստի կխնդրեի, որպեսզի աչալուրջ լինենք… բայց խոսել տապալման մասին, իհարկե, ընդունելի չէ»: