«Ի՞նչն է ձեզ պահում, կա՞ն արդյոք հասարակությունից դեռևս գաղտնի պահած ու ինչ–որ բանավոր պայմանավորվածություններ, որ դեռ պետք է իրականացնեք». պատգամավորը՝ Փաշինյանին
«Ասեմ, որ վերջին 44-օրյա պատերազմն ինձ համար ուրիշ էր՝ համեմատած նախկինների հետ, այն ինձ համար շատ անհասկանալի կամ հենց շատ լավ էլ հասկանալի բեմադրություն էր, այն շատ լավ կազմակերպված անկազմակերպվածություն էր, ստեղծվել էին շատ բարենպաստ պայմաններ պարտվելու համար»,- այսօր Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արայիկ Աղաբաբյանը:
Պատգամավորը նշեց, որ 1988 թվականից սկսած՝ քաղաքական գործունեությանը զուգահեռ՝ մասնակցել է բոլոր պատերազմական գործողություններին, ունի իր սեփական պատկերացումներն ու զուգահեռները, ինչպես նաև գնահատականները.
«Ոչ ոք իրավունք չունի մեղադրելու ո՛չ զինվորին, ո՛չ կամավորին, ո՛չ էլ սպային, նրանք, ինչպես ամբողջ ազգը, տրամադրված էին և կարող էին հաղթել, ոչ էլ տրամադրված եմ այս խայտառակ արդյունքը վերագրել իշխանությունների՝ միայն ոչ պրոֆեսիոնալիզմին, տկարությանը: Այս իշխանությունների գալուց անմիջապես ինձ համար պարզ էր, որ եկել են՝ Արցախը հանձնելու, ազգային արժեքները ոչնչացնելու, ամեն հայկականը վերացնելու համար, ու եթե նախկիններին մեղադրում ենք շատ հարցերում, ապա հիմնական մեղքն իրենց շնորհիվ ձեզ իշխանության փոխանցումն է, և նրանց գալու վտանգը շեշտելով՝ իշխանությունը պահելը: Կայացած երկրներում բավական է կառավարությունն իր ծրագրային դրույթներից որևէ մեկի մասով, որևէ բացթողում անի կամ չկարողանա իրականացնել՝ միանգամից հրաժարական կտա»:
ԲՀԿ-ական պատգամավորը Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ են փորձում կառչած մնալ իրենց աթոռներին.
«Ուզում եմ հասկանալ՝ ի՞նչն է ձեզ պահում, կա՞ն արդյոք հասարակությունից դեռևս գաղտնի պահած ու ինչ-որ բանավոր պայմանավորվածություններ, որ դեռ պետք է իրականացնեք:
Նիկոլ Փաշինյանը պատասխանելով ԲՀԿ-ական պատգամավորին, նախ անդրադարձավ նրա այն դիտարկմանը, թե իր համար հենց առաջին օրից պարզ էր, որ այս իշխանությունները եկել են, որպեսզի Արցախը հանձնեն, հարցնելով, թե ինչո՞ւ էր ԲՀԿ-ն պաշտպանում այդ պրոցեսը, և ինչո՞ւ էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մաս կազմում կառավարությանը, ապա անդրադարձավ դավաճանության մասին պատգամավորի հայտարարությանը.
«Հեռուստատեսություններով թմբկահարվող կամավորական ջոկատը, որը ձեր կուսակցությունը ստեղծեց, ի վերջո, տեղ հասա՞վ, թե՞ չհասավ, գնա՞ց մասնակցելու մարտական գործողություններին, թե՞ չգնաց, ո՛չ, ո՛չ, դա այդպես էլ մնաց հեռուստատեսային ռեպորտաժ, հեռուստատեսային գովազդ»:
Մանրամասները՝ տեսանյութում