«Մատղաշ երեխաներին դիտմամբ ուղարկում էր ցեղասպանվելու, որ հիմնավորի հողերի հանձնումը». Զարուհի Փոստանջյան
Այսօր մամուլի ասուլիսի ընթացքում «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանն ընթերցեց իր փաստաբան ընկերներից մեկի ֆեյսբուքյան գրառումն Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ որդու զոհվելու մասին: Ըստ այդ գրառման՝ փաստաբանի որդին ընդամենը 2 օր է ծանոթ եղել ականանետ զինատեսակին, ունեցել է մի շարք առողջական խնդիրներ, սակայն, այդ ամենով հանդերձ, նրան տարել են առաջնագիծ՝ կանխելու թուրք-ադրբեջանական ագրեսորին: Փաստաբանն իր գրառման մեջ նաև փոխանցել է, որ հերթափոխ չի իրականացվել, ինչից զինվորներն ուժասպառ են եղել, չնայած դրան՝ նրանց տարել են տվյալ ժամանակահատվածում կռվի թեժ կետերից մեկը՝ Կարմիր շուկա: Փաստաբանի որդին զոհվել է, քանի որ ուժասպառ է եղել և չի հասցրել լիարժեք դիրքավորվել ու պատսպարվել:
«Պատերազմից շուրջ երկու շաբաթ առաջ Նիկոլ Փաշինյանը և մեր բարձրաստիճան ղեկավարությունը ՀԱՊԿ-ից ստացել են նամակ, որ տեղի է ունենալու պատերազմ, մի քանի օր առաջ ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում էր իր քաղաքացիներին, որ դուրս գան Արցախի տարածքներից: Այսինքն՝ այս մատղաշ երեխաներին նրանք ուղարկել են դիտավորյալ առաջին գիծ, որ հիմնավորի հողերի հանձնումը, դիտավորյալ ուղարկում էր ցեղասպանվելու, որ կարողանար հիմնավորել այդ կապիտուլյացիոն փաստաթուղթը»,- ասաց Փոստանջյանը:
Հարցին, թե հնարավո՞ր չէր ավելի քիչ մարդկային և տարածքային կորուստներով ստորագրել այդ փաստաթուղթը, Փաստանջյանը պատասխանեց, որ ոչ, գոյություն ունի ծրագիր:
«Նիկոլ Փաշինյանի ծրագրում Հայաստան պետության լուծարումն է: Այս կիսաանկախության լուծարումը՝ ցեղասպանության միջոցով»,- ասաց Փոստանջյանը:
Նա նշեց, որ Արցախի ազատագրումը չափազանց կարևոր էր մեզ համար:
«Ցեղասպանությամբ վաճառեցին մեր հայրենիքը: Արցախի ազատագրումը մեր հայրենիքի ազատագրման մի մասն էր… Արցախը մեր ձեռքերը, ոտքերը, հիմքն ու արմատն է: Մեր պետականությունն ու անկախությունը փորձ էինք անում վերականգնել Արցախով»,- ասաց նա: