Վարազդատ Կարապետյանը չի՞ մեկնի Չինաստան

Արցախյան վերջին պատերազմի խայտառակ ավարտից ու կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրումից հետո որոշ իմքայլական պատգամավորներ իշխող խմբակցությունից դուրս գալու դիմումներ գրեցին՝ մնալով անկախ պատգամավորներ, իսկ ոմանք առհասարակ մանդատը վայր դրեցին:

Նոյեմբերի 25-ին իր պատգամավորական մանդատը վայր դրեց նաև Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը, ով, սակայն, իր ֆեյսբուքյան էջում գրառմամբ, որպես պատգամավորական գործունեությունը դադարեցնելու պատճառ, նշել էր այլ աշխատանքի անցնելը:

«Դեկտեմբերի 4-ից ստանձնում եմ Չինաստանում Հայաստանի առևտրային ներկայացուցչի պարտականությունները։ Այժմ, առավել քան երբևէ, Հայաստանին պետք են նոր կապեր, շուկաներ, հնարավորություններ, նոր ներդրումներ։ Առաջիկայում գործարարներին կներկայացնեմ մեր համատեղ գործողությունների հաջորդականությունը։ Գեղարքունիքի սիրելի՛ ժողովուրդ, ձեզ հուզող խնդիրներն ու հարցերը շարունակեք ուղարկել ինձ։ Կաշխատեմ հնարավորինս նպաստել դրանց լուծմանը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել էր նա։

Ըստ ամենայնի, շուրջ 1.5 ամիս անց Վարազդատ Կարապետյանը ենթադրաբար արդեն պետք է մեկներ Չինաստան՝ անցնելու իր նոր պաշտոնից բխող գործառույթների կատարմանը:

168.am-ի տեղեկություններով, սակայն, նա ոչ միայն չի մեկնել, այլև, ըստ երևույթին, դժվար թե մեկնի Չինաստան:

Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ հապաղումը կամ չեղարկումը կապված է Վարազդատ Կարապետյան-Նիկոլ Փաշինյան առճակատման հետ, որն այն աստիճանի է սրվել, որ նախկին պատգամավորն անգամ առերես Նիկոլ Փաշինյանից պահանջել է հրաժարականի դիմում ներկայացնել:

Նույն տեղեկությունների համաձայն՝ Վ. Կարապետյանը, չի բացառվում, քաղաքական նոր հարթակի ստեղծմամբ շարունակի քաղաքական իր գործունեությունը:

Տեղեկությունը փորձեցինք ճշտել հենց Վարազդատ Կարապետյանից: Երեկվանից, սակայն, նա ընդհատում էր մեր զանգերը՝ խնդրելով տեքստային հաղորդագրություն թողնել: Հենց այդպես էլ արեցինք և երեկոյան, և առավոտյան՝ ներկայանալով, նշելով՝ որ լրատվամիջոցն ենք ներկայացնում: Խնդրեցինք արձագանքել, սակայն որևէ պատասխան այդպես էլ չստացանք:

Տեսանյութեր

Լրահոս