Երևանը կրկին վերածվել է մեծ սահադաշտի
Այսօր մայրաքաղաքի մայթերով քայլել փորձած բոլոր քաղաքացիները, վստահաբար, բախվել են ձյան բարակ շերտի տակ թաքնված, կամ այլևս չթաքնված սառույցների: Մաքուր չեն անգամ քաղաքի կենտրոնական փողոցների մայթերը: Ձնածածկ ու դժվարանցանելի մայթերը խաթարեցին անգամ խորհրդարանի աշխատանքը: ԱԺ նիստում ընդմիջում հայտարարվեց, քանի որ պատգամավորներն ուշանում էին: Իհարկե, հանուն արդարության պետք է նշել, որ մայրաքաղաքի կենտրոնական փողոցների ավտոճանապարհը մաքրված էր:
168.am-ը Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանին մի քանի հարց ուղղեց.
– Երևանի քաղաքապետարանի պարտականությունների մեջ մտնո՞ւմ է արդյոք մայթերը մաքրելը:
– Այո, իհարկե:
– Ես այսօր անցել եմ Բաղրամյան պողոտայի մայթերով, Նալբանդյան, Պուշկին, փողոցների մայթերով: Այս փողոցների մայթերին ձյուն և սառույց է: Ե՞րբ կմաքրվի, կամ կմաքրվի՞ արդյոք:
– Այո, կմաքրվի: Երբ ինտենսիվ ձյուն է գալիս և տևական ձյուն է գալիս, քաղաքի կոմունալ ծառայությունների առաջնային խնդիրը՝ քաղաքի մեծ մագիստրալները պահել բաց և երթևեկության համար անցանելի: Նախ աղով ու ավազով մշակում են ձյան տեղալու ժամանակ, որ ասֆալտը չսառցակալի, ապա 3-5 ժամը մեկ ձյունը մաքրում են, հետո ձյունը դադարելուց հետո արդեն սկսում են ավելի հիմնավորապես մաքրել: Նույնը վերաբերում է մայթերին: Եթե չի գալիս այնքան առատ ձյուն, որ մայթը հետիոտն երթևեկության համար անանցանելի լինի, մայթում սովորաբար մենք այդքան ձյուն չենք ունենում, որ հետիոտնի համար անցանելիությունը դժվարանա:
– Ձյուն չենք ունենում, ունենում ենք սառույց:
– Ունենում ենք սառույց, բայց ձյան գալու ընթացքում և հաջորդ օրերին սկսում են մաքրել մայթերը: Մայթերը սկսել են մաքրել երեկ, ձյան գալու ընթացքում և հիմա շարունակվում են այդ աշխատանքները:
– Այսինքն՝ հիմա մայթերը մաքրվում են, բայց կենտրոնի մայթերին սառո՞ւյց է:
– Մայթերը մաքրվում են մարդկային ուժի և տեխնիկայի միջոցով, ես երբ ասում եմ՝ մայթերը մաքրվում են, նկատի չունեմ, որ ամբողջ քաղաքի մայթերը մեկ ժամվա ընթացքում միաժամանակ մաքրվում են և մաքուր կլինեն: Ես նկատի ունեմ, որ այդ գործընթացը շարունակական է այնքան, մինչև մենք բավարար արդյունք կունենանք: Մայթերը երեկվանից սկսել են մաքրվել, և այդ գործընթացը շարունակական է:
Այսինքն՝ պետք է ենթադրել, որ մայթերը մաքրվում են, ուղղակի մենք դա չենք տեսնում:
Հիշեցնենք, որ նման արդարացումներ հնչում էին նաև նախկին իշխանությունների օրոք, գրեթե նույն տեքստերով: