«Տուգանային միավորների համակարգի կիրառումը կհետաձգվի մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը». փոխոստիկանապետ

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում երկրորդ ընթերցումից առաջ փոփոխությունների նախագիծը ներկայացնելով՝  փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը հայտարարեց, որ վարորդների նկատմամբ տուգանային միավորների կիրառումը կհետաձգվի մինչև 2022 թվականը:

Ըստ փոխոստիկանապետի՝ նախագծի նպատակն է` ապահովել ճանապարհային երթևեկության ոլորտում կատարվող իրավախախտումների համար կիրառվող տուգանային միավորների համակարգի ամբողջական և պատշաճ գործարկումը:

«Նախագիծը նպատակ ունի կանխարգելելու ճանապարհային երթևեկության կանոնների հնարավոր խախտումները վարելու իրավունք չունեցող անձանց կողմից, ինչպես նաև երաշխավորելու չարամտորեն կատարվող խախտումների դեպքում պատասխանատվության անխուսափելիության սկզբունքը: Օրինագծի արդյունքում, մասնավորապես, ՃՈ ճանապարհապարեկային ծառայողների կողմից արձանագրվող խախտումների համար տուգանային միավորների համակարգի կիրառումը ժամանակավորապես կհետաձգվի մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը»,- հայտարարեց փոխոստիկանապետը, ապա հավելեց, որ մինչև այդ տուգանային միավորը` որպես վարչական տույժ, կիրառվելու է միայն տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին օրենքով քննության ենթակա գործերով:

Հիշեցնենք, որ 2020 թվականի հունվարի 1-ից Հայաստանում ուժի մեջ է մտել տուգանային միավորների նոր համակարգը։ Օրենքի նախագծերի փաթեթով նախատեսվում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք ունեցող անձին վարորդական վկայական ստանալու օրվանից մեկ տարի ժամկետով տրամադրել 9 միավոր: Խախտում ամրագրելու դեպքում վարչական իրավախախտում կատարած անձին տվյալ տարում տրված ընդհանուր միավորներից ինքնաշխատ եղանակով հանվում են օրենսգրքի համապատասխան հոդվածով նախատեսված իրավախախտման համար սահմանված տուգանային միավորները: Երթևեկության ոլորտի թվով 100 զանցակազմերից տուգանային միավորներ նախատեսված են 20-ի համար։ Նշենք, որ օրենքի նախագիծն ընդունվել էր 57 կողմ, 35 դեմ և 3 ձեռնպահ ձայներով:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս