«Դե՛ գնացեք, ռազմագերու ծնողին ասեք՝ ոչինչ, ադրբեջանցու հետ առևտուր կանենք, լավ կապրենք». Զոհրաբյան
«Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, և խորհրդարանում պետք է քննարկվի միայն այդ հարցը»,- այսօր Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Պատգամավորը դիմելով «Իմ քայլ»-ի գործընկերներին՝ նշեց, թե իր մոտ տպավորություն է, որ զուգահեռ 2 իրականություններում ենք ապրում.
«Կա մի իրականություն, որտեղ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, որպեսզի մենք կարողանանք փրկել այլևս Հայաստանը, որովհետև Արցախը մենք, ցավոք սրտի, կորցրել ենք, և կա ձեր ստեղծած իրականությունը, որտեղ դուք փորձում եք կեղծ օրակարգերով շեղել հանրության ուշադրությունը:
Այսօր մենք ունենք ռազմագերների խնդիր. Նիկոլ Փաշինյանը գրեց, որ՝ գնում եմ Մոսկվա, և իր թիվ մեկ խնդիրը լինելու է ռազմագերիների խնդիրը: Գնաց, հերթական անգամ գլուխը խոնարհեց Ալիևի առաջ, հերթական անգամ մեր Սյունիքով ճանապարհ տվեց թուրքերին, որպեսզի իրականացնեն «Մեծ Թուրանի» իրենց ծրագիրը, Ալիևը հայտարարեց, որ ինքը գոհ է բանակցություններից, գոհ է արդյունքից, ճաշեց Ալիևի հետ և վերադարձավ, իսկ ռազմագերիների ծնողները մնացին իրենց խնդիրների հետ»:
Նաիրա Զոհրաբյանը մեկ անգամ ևս ընդգծեց, որ սա կեղծ օրակարգ է, որի նպատակն է՝ շեղել հանրության ուշադրությունը.
«Այստեղ և այսօր պետք է քննարկվի 1 օրակարգ, այդ մարդն ի վիճակի չէ այլևս ադեկվատ բանակցություններ վարելու: Մենք ունենք լրջագույն խնդիրներ, այսօր ունենք Հայաստանի պետականությանը սպառնացող լրջագույն վտանգներ: Չի՛ կարող Ադրբեջանի ֆոլկլորի գլխավոր հերոսը արժանապատիվ կերպով բանակցել և խնդիրներ լուծել: Վստահ եմ, որ այստեղ նստած պատգամավորներից շատերը ևս դա հասկանում են, հասկանում են, որ մեր բանակցողը պետք է փոխվի, չի կարող պարտության թիվ 1 խորհրդանիշը շարունակել տարբեր լծակներով, դատական համակարգի տարբեր մանիպուլյացիաներով՝ պահել իր իշխանությունը: Սիրելի գործընկերներ, ինչքան շուտ ձեզանից շատերը հասկանան և բռնեն այդ մարդու ձեռքը և ասեն, որ նա օր առաջ պետք է հեռանա, որպեսզի մենք կարողանանք խնդիրները լուծենք, այնքան մենք կկարողանանք արագ ուղղել մեր ողնաշարը, բայց դրա փոխարեն՝ դուք փորձում եք հանրությանը կերակրել՝ ադրբեջանցիների և թուրքերի հետ առևտուր կանենք, և լավ կապրեք: Դե հիմա գնացեք ու ռազմագերու ծնողին ասեք՝ ոչինչ, որ քո որդին գերի է, կգնանք ադրբեջանցու հետ առևտուր կանենք, ու դուք լավ կապրեք…»: