«Պեղե՛ք ձեր միջից մարդկանց, ովքեր կարող են գոնե տրամաբանությանը մոտ մտքեր արտահայտել». Նաիրա Զոհրաբյանը՝ «Իմ քայլին»

ԱԺ փոխխոսնակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը երեկ Sputnik Armenia-ի եթերում ասել է, որ իր տպավորությամբ՝ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները չեն ուզում արտահերթ ընտրություններ։

«Նրանք ավելի քան վստահ են, որ նոր ընտրությունների դեպքում կառավարող ուժ չեն ընտրվի և անգամ չեն ստանա այնքան մանդատ, որքան ունեն հիմա։ Նրանք նախորդ ընտրություններում ավելի շատ բոնուսով էին մանդատ ստացել, քան ընտրությունների միջոցով, և բնական է, որ այսպիսի բարեբախտություն նրանց հետ այլևս չի պատահի։ Հաջորդ ընտրություններին նրանք ավելի քիչ ձայներով կհայտնվեն խորհրդարանում կամ չեն հայտնվի»,- ասել է Նազարյանը:

168.am-ը ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանից հետաքրքրվեց, թե արդյոք իրենք խուսափո՞ւմ են ընտրություններից:

«Սովորաբար իմ դաստիարակությունը թույլ չի տալիս անդրադառնալ կանանց, բայց երբեմն լինում են բացառիկ դեպքեր, որ ստիպված ես լինում անդրադառնալ: Երեկ ես լսեցի հատվածներ Լենա Նազարյանի նշյալ հարցազրույցից և մասնավորապես՝ Արցախյան պատերազմին վերաբերող, ինքը փորձեց դատողություններ  անել տարածաշրջանային զարգացումներից, սա ազգային աղետ է: Ազգային աղետ է, երբ քո երկիրը ներկայացնող խորհրդարանական բարձրագույն պաշտոնյան, որ շատ ավելի կոպիտ բառ չօտագործեմ, ասեմ, տարրական, նվազագույն, երրորդ դասարանի երեխայի մակարդակի անգամ պատկերացումներ չունի: Երեկվանից համացանցը ողողված է սարկազմով, զավեշտալի գնահատականներով, այստեղ զավեշտ չկա, սա ողբերգություն է, սա իշխող քաղաքական թիմի դիմագիծն է՝ մարտնչող միջակություն, դիլետանտ, անիրազեկ, ցինիկ, սա ողբերգություն է:

Ինչ վերաբերում է «Բարգավաճ Հայաստանի» մասով իր տված գնահատականներին, իրեն արձագանքելը լուրջ չէ, բայց իր քաղաքական թիմի ղեկավարին ես առաջարկում եմ՝ թող հրաժարական տա վարչապետի պաշտոնից, և ոչ թե փորձի տարատեսակ մանիպուլյացիաներով անել առավելագույնը, որ իր հրաժարականի դեպքում ինքը կարողանա պահպանել վարչապետի լիազորությունները, թող հրաժարական տա, այդ ժամանակ կտեսնենք, թե ո՞ր քաղաքական ուժն ինչ իրական վստահության քվե ունի հանրության մեջ, բայց ես վստահ եմ, որ ինքն այնքան վախենում է, որ իր հրաժարականի դեպքում անկանխատեսելի զարգացումներ կարող են լինել, որ նույնիսկ, եթե հրաժարական տա, փորձելու է խորհրդարանում անցկացնել հակասահմանադրական օրենք, որ իր հրաժարականի դեպքում ինքը պահպանի վարչապետի լիազորությունները:

Չգիտեմ, թե ովքե՞ր են կոորդինացնում իրենց քաղաքական թիմի քարոզչական աշխատանքները, բայց զուտ բարեկամաբար կարող եմ խորհուրդ տալ՝ պեղե՛ք ձեր միջից մարդկանց, ովքեր կարող են գոնե տրամաբանությանը մոտ մտքեր արտահայտել, որովհետև դուք ծիծաղելի վիճակի մեջ եք դնում ոչ միայն ձեզ, այլև մի ամբողջ պետություն: Արդեն օտարերկրյա մամուլն է ծիծաղում նման կարգի անհեթեթագույն հայտարարությունների վրա»,- ասաց Զոհրաբյանը:

Մեր ճշտող հարցին, թե ԲՀԿ-ն վստա՞հ է, որ, եթե արտահերթ խորհրդարանական ընտրություններ լինեն, ապա նույնքան կամ ավելի մանդատ կունենա ԱԺ-ում:

«Միանշանակ, միանշանակ ավելի: Այնպես չէ, որ Լենա Նազարյանի կամ իր թիմակիցների դատողություններով մենք պետք է որոշենք: Այստեղ ինձ համար՝ որպես քաղաքացի, առնվազն տարակուսելի է պարտված քաղաքական ուժի ցինիզմը, ինձ իսկապես զարհուրեցնում է իրենց էս ցինիզմը, իրենց բացաձակ անպատասխանատվությունը, չզգալ սեփական մեղավորությունը 5000-ից ավելի զոհերի համար, տասնյակ-հազարավոր վիրավորների, կորսված հայրենիքի, տեղահանված արցախցիների, իրենց որդիներին փնտրողների, ռազմագերիների ծնողների նկատմամբ: Զրո կարեկցանք, զրո պատասխանատվություն, զրո մեղավորության զգացում: Ես չգիտեմ՝ աշխարհում երբևէ եղե՞լ է նման ցինիկ և անպատասխանատու իշխանություն, ինչպիսին Հայաստանի ներկայիս իշխանությունն է, սա իսկապես զարհուրելի է: Այսպիսի իշխանություն ունենալու պարագայում մեզ այլևս պետք չեն թշնամիներ արտաքին աշխարհի»,- ասաց Զոհրաբյանը:

Լենա Նազարյանը հարցազրույցում նաև հետադիմական էր որակել այն պնդումները, որ պետք է կորսված հայրենիքը հետ բերել պատերազմի միջոցով, և կոչ էր արել այդ պնդումներն անողներին մատով ցույց տալ, թե ում 18 տարեկան որդու հաշվին են ուզում դա անել: Նաիրա Զոհրաբյանն անդրադառնալով այս հայտարարությանը՝ ասաց.

«Իսկ Լենա Նազարյանը չի պատրաստվո՞ւմ մատով ցույց տալ այն 5000-ից ավելի 18, 19, 20 տարեկաններին, որոնց իր քաղաքական թիմի ղեկավարը, երբ պատերազմի 3-րդ, 4-րդ օրն արդեն պարզ էր, որ գնում ենք երաշխավորված պարտության, տարավ և մսաղացի միս սարքեց: Լենա Նազարյանը հիմա կարո՞ղ է գնալ այդ ծնողների տուն, նայել նրանց աչքերին ու նայելուց հետո նման հայտարարություն անել, երբ պատերազմի 4-րդ օրն իրենց ասվել է, որ սա երաշխավորված պարտություն է, եթե պատերազմը չկանգնեցվի, շատ ավելի վատ դիրքերում ենք լինելու մենք՝ թե՛ բանակցային առումով, թե՛ կորուստների առումով: Ես դրա համար եմ նշում՝ ավելի ցինիկ իշխանություն, ավելի անպատասխանատու, կարեկցանքից զուրկ իշխանություն, քան այս քաղաքական թիմն է, ես որևէ ժամանակ չեմ տեսել ու չեմ էլ կարծում, որ աշխարհում նման նախադեպ եղել է: Պատմության իմ իմացությունը ինձ չի հիշեցնում նման դիլետանտների, ցինիկների, ապաշնորհների, հայրենադավների իշխանություն որևէ երկրում»,- ասաց Զոհրաբյանը:

Տեսանյութեր

Լրահոս