Առաջարկվում է ցմահ ազատազրկում՝ դավաճաններին. ինչպե՞ս կքվեարկի «Իմ քայլը»
Արդարադատության նախարարությունը Կառավարության հաստատմանն է ներկայացրել Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Վահե Էնֆիաջյանի, Նաիրա Զոհրաբյանի և Իվետա Տոնոյանի հեղինակած օրենսդրական նախաձեռնությունը՝ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին»։
Այս նախագծով ընդդիմադիր խմբակցության պատգամավորներն առաջարկել են խստացնել պետական դավաճանության և լրտեսության հանցակազմերի համար նախատեսված պատժաչափերը՝ Քրեական օրենսգրքի 299 հոդվածով պետական դավաճանության համար նախատեսված պատժաչափը 10-15 տարվա փոխարեն՝ սահմանել 20 տարի և ցմահ ազատազրկում, իսկ քրեական օրենսգրքի 302 հոդվածով նախատեսված լրտեսություն հանցակազմի համար սահմանված պատժաչափը 8-15 տարվա փոխարեն՝ 15-20 տարի։
Կառավարությունը նախագիծն ընդունել և ուղարկել է Ազգային ժողով, որը հավանաբար կընդգրկվի Ազգային ժողովի հունվարի 18-ից մեկնարկող նստաշրջանի օրակարգում։
Արդյո՞ք իշխող քաղաքական մեծամասնությունը՝ «Իմ քայլը» խմբակցությունը, կողմ կքվեարկի դավաճանության և լրտեսության համար պատժաչափերի խստացմանը, կերևա արդեն խորհրդարանում՝ նախագծի քվեարկության ժամանակ։
Միայն նկատենք, որ իշխող քաղաքական խմբակցության ղեկավարն առաջինն էր խոսում պետական դավաճանության հետևանքով Արցախի մեծ մասը կորցնելու մասին և քաղաքացիներին կոչ անում վրեժի, իսկ պատերազմին հընթացս Ազգային անվտանգության ծառայությունը տարածում էր հաղորդագրություններ՝ ընդդեմ Հայաստանի պետական շահի լրտեսություն անողների հայտնաբերելու մասին, ուստի նախագծի վերաբերյալ իշխող թիմի քվեարկությունից պարզ կդառնա՝ արդյո՞ք նրանք կողմ են, որ պետական դավաճանները ցմահ ազատազրկվեն, թե՞ այս հարցում ունեն վերապահումներ։