Լռի՛ր, կամ դատվի՛ր
Երբ վարչական ռեսուրսի տոտալ ներգրավմամբ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 19-ին երթ իրականացրեց դեպի Եռաբլուր սրբավայր, շատերը փաստում էին, որ, ի թիվս մարզպետարանների, նախարարությունների և ոստիկանության աշխատակիցների՝ երթի մասնակիցների թվում են եղել նաև պատերազմի շուրջ 2000 մասնակիցներ, որոնց նկատմամբ այս կամ այն հոդվածով քրեական հետանդում է սկսվել, ու վերջիններիս հստակ ասել էին՝ կամ մասնակցում եք երթին, կամ դատվում եք:
Եվ ահա 168.am-ին տեղեկություններ հասան այն մասին, որ ՀՀ Պաշտպանության նախարարության քննչական վարչությունում պատերազմի ավարտից հետո հարուցվել է շուրջ 1200 քրեական գործ: Նույնքան մարդու էլ, ըստ մեր տեղեկությունների, մեղադրանք է առաջադրվել տարբեր հոդվածներով, գլխավորապես՝ դասալքության հանցակազմով:
Մեր հարցին, թե սահմանափակ մարդկային ռեսուրսներով ինչպե՞ս է հնարավոր քննել նման ահռելի քանակի գործեր, մեզ ասացին, որ բոլոր մարզերից քննիչներ են գործուղվել հատուկ այս գործերը քննելու համար:
Մեզ նաև ասացին, որ այս թիվը վերջնական չէ, և այն աճելու միտում ունի: Նպատակն այս անձանց քաղաքական գործընթացներից, մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանի դեմ կազմակերպող ցույցերից ու բողոքի ակցիաներից, հեռու պահելն է:
Այսինքն՝ կարող ենք փաստել, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, մասնավորապես Պաշտպանության նախարարության ու քննչական մարմինների ձեռամբ, այս մարդկանց որպես պատանդ ու գործիք են օգտագործում իրենց իշխանությունը պահելու համար, և բնական է, որ մարդիկ չազատազրկվելու վախից հեռու կմնան որևէ գործողություն իրականացնելուց:
Թե որքան կաշխատի շանտաժի այս գործիքակազմը, թերևս, ցույց կտա ժամանակը: