Բաժիններ՝

«Որոնողական աշխատանքները դադարեցված են. Այսօր Ալիևը պետք է գա այդ տարածքներ». Արսեն Ղուկասյան

«Երեկ երեկոյան, երբ որոնողական խմբերը վերադարձան՝ ողջերի մասով ոչ մեկին չեն գտել, իսկ մարմինների մասով՝ մի կնոջ մարմին են բերել Քարինտակից»,- քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց պատերազմի ընթացքում եղբորն ու եղբորորդուն կորցրած Արսեն Ղուկասյանը, որը տևական ժամանակ  գտնվում է Արցախում և ակտիվ մասնակցում է անհետ կորածների (զոհվածների մարմինների) դուրսբերման աշխատանքներին:

Քաղաքացին հայտնեց, որ Արցախում ժողովի ժամանակ, երբ քննարկել են, թե հետագայում որ ուղղություններով են գնալու որոնողական խմբերը, ռուսական կողմից զանգ է եղել, տեղեկացրել են, որ որոնողական աշխատանքներն անորոշ ժամանակով դադարեցվելու են, ավելի ուշ պատճառն էլ է հայտնի դարձել:

«Երեկոյան 23:45-ի սահմաններում պարզվեց, որ այսօր Ալիևը պետք է գա այդ տարածքներ, միայն այսօր է, հիմա տեսնենք՝ միայն այսօ՞ր է, թե՞ հետո էլ է: Էլի նույն վիճակն է, ժողովուրդ, ոչ մի փոփոխություն, հերթով գալիս են, տարբեր խոստումներ, տարբեր բաներ, մի օր՝ մառախուղ, մի օր՝ արև, մի օր՝ Ալիև, մի օր՝ այս, մի՝ օր այն, ու ոչ մի բան….»,- ասաց քաղաքացին՝ հավելելով, որ այսօր երեկոյան պարզ կլինի, թե արդյոք կկարողանա՞ն վաղը որոնողական աշխատանքներ կատարել, թե՞ ոչ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս