«Ինչքանով հիասթափություն այստեղ կա, այնքան էլ՝ սփյուռքում․ մարդիկ շոկի մեջ են, պատասխաններ են փնտրում». Զարեհ Սինանյան
Այսօր Կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե սփյուռքում կա՞ն կազմակերպություններ, որոնք պատերազմից հետո հրաժարվել են աշխատել Հայաստանի պետական մարմինների, կամ Հայաստան համահայկական հիմնադրամի հետ:
«Մեզ հետ առնչված չկան, բայց չեմ զարմանա, որ լինեն»,- ասաց Սինանյանը:
Հարցին, թե այն դեպքից հետո, երբ Հայաստան համահայկական հիմնադրամից շուրջ 53 մլրդ դրամ փոխանցվեց Կառավարությանը, եղե՞լ է վստահության անկում, Սինանյանը պատասխանեց, որ ճիշտ կլինի հարցն ուղղել հիմնադրամին, սակայն, իր դիտարկմամբ, դժվարացել է աշխատանքը սփյուռքի հետ, բայց ներդրումներ չեն հետաձգվել կամ սառեցվել:
Հարցին, թե սփյուռքում հիասթափություն կա՞, Սինանյանը պատասխանեց.
«Ինչքանով հիասթափություն այստեղ կա, այնքան էլ՝ այնտեղ, համատարած երևույթ է: Մարդիկ շոկի մեջ են, պատասխաններ են փնտրում, ուզում են հասկանալ՝ ո՞նց եղավ, չնայած պատասխանները, իմ կարծիքով, պարզ են, համենայնդեպս պետք է պարզ լինեն, մարդիկ փնտրում են, ուզում են հասկանալ՝ ինչո՞ւ եղավ, դա որոշ ժամանակ է տևելու, որ նախ ստանան պատասխաններ, հետո սկսեն սթափ ձևով մտածել»:
Իսկ չէր ակնկալո՞ւմ Սինանյանը, որ հիմնադրամից Կառավարությանը գումար փոխանցելու դեպքում նման արձագանք կլինի:
«Եթե մենք հաղթեինք այս պատերազմում, կամ եթե այն ավելի քիչ ցավալի ավարտ ունենար, ապա այս հարցը չէր տրվի»,- պատասխանեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը:
Հարցին էլ, թե հավատո՞ւմ էիք, որ մենք հաղթում ենք, ինչպես պնդում էր պաշտոնական քարոզչությունը, հանձնակատարը պատասխանեց, որ պատերազմի ընթացքում զբաղված է եղել Հայաստան-սփյուռք կապի ապահովմամբ և տեղյակ չի եղել պատերազմական իրավիճակի մանրամասներին:
«Հավատացեք, որ ես ձեզանից ավելի տեղեկություն չեմ ստացել ներքին, չեմ ստացել, դա է իրականությունը, բայց բաց տեղեկությունից, տեղեկատվական կայքերից բավականին պարզ պատկեր ունեի, որ մեր գործերը, մեղմ ասած, լավ չեն, բայց չէի պատկերացնում, որ այդքան վատ էր, քանի որ նման տեղեկություն ինձ ոչ ոք չէր փոխանցել: Իմ գործը եղել է, որ ես սփյուռքի և Հայաստանի միջև կապերն ապահովեմ, որ այն բաները, որոնք ինձ փոխանցվել են, ինչի կարիքն ունի Հայաստանը, գան տեղ հասնի, որ սփյուռքի աշխատանքն էլ արվի, այն, ինչ սփյուռքը պետք է աներ պատերազմի ժամանակ, ես միայն դրա վրա եմ կենտրոնացել, և դա արել եմ»:
Իսկ հնարավո՞ր է, որ Հայաստան համահայկական հիմնադրամի շուրջ ստեղծված աղմուկը վնասի հիմնադրամի հեղինակությանը: Ի պատասխան այս հարցադրման՝ Սինանյանն ասաց․
«Եթե բացատրական աշխատանք չտարվի, թե այդ գումարներն ինչո՞ւ են օգտագործվում, ո՞նց են օգտագործվում, ի՞նչ նպատակով և ինչքանո՞վ են համընկնում այն նպատակների հետ, որոնց համար հավաքվել են, խնդիրներ կլինեն։ Բայց այդ բացատրությունը կա, պարզապես պետք է մարդկանց հասանելի դարձնել: Ուղղակի այդ բացատրությունն ու հաշվետվության ներկայացման հարցը նուրբ է: Դուք հարցը տալիս եք, բայց եթե մի պահ կանգնեք և մտածեք, թե ի՞նչ կպատահի հիմնադրամին, հիմնադրամի ամերիկյան, եվրոպական կառույցներին, եթե բաց տեքստով սկսի խոսվել այդ ամենի մասին: Դուք էլ պետք է զգույշ լինեք, հայ մա՞րդ եք, թե՞ ոչ, ի վերջո: Հայաստան համահայկական հիմնադրամը ԱՄՆ-ում, եվրոպական երկրներում գրացված է՝ որպես բարեգործական ընկերություն, որն ունի համապատասխան ստանդարտներ, պարտավորություններ, եթե սկսի խոսվել այդ պարտավորություններից դուրս որևէ թեմայի մասին, դուք միանգամից վտանգում եք Հայաստան համահայկական հիմնադրամի կարգավիճակն ամբողջ աշխարհով»։
Զարեհ Սինանյանի պնդմամբ՝ սփյուռքում մարդիկ Հայաստանի մասին ստանում են չափազանցված տեղեկատվություն, բայց խոսքը պաշտոնական մակարդակով 44 օր հնչեցված «հաղթելու ենք»-ի մասին չէ։
«Խոսքը գնում է մամուլի մասին, որը մեծամասամբ, մանավանդ սփյուռքում, վերահսկվում է նախորդ ռեժիմի հետ առնչվող ուժերի կողմից, ջախջախիչ մեծամասնությունը, այդ ուժերը ներկայացնում են իրենց ալտերնատիվ իրականությունը: Օրինակ՝ եթե դուք ապրում եք Լոս Անջելեսում, ձեզ մոտ կարող է տպավորություն ստեղծվել, որ Հայաստանում տեղի ունեցան մասսայական ցույցեր, մարդիկ դուրս էին եկել, ամբողջ բնակչությունը պահանջում էր, բայց մենք գիտենք, որ դա իրականությունից շատ հեռու է, մի խումբ մարդիկ պահանջում էին»,- ասաց Սինանյանը:
Հարցին, թե որքանո՚՞վ էր իրականությանը մոտ պետական մակարդակով 44 օր ասել, որ հաղթում ենք, Սինանյանն արձագանքեց.
«Այդ հարցին պատասխանվել է բազում անգամներ, այդ հարցն ինձ մի տվեք»: