«Նիկոլ Փաշինյանը շարունակում է բավարարել ադրբեջանական ժողովրդի շահերը». Լիլիթ Թումանյան
«Հնարավոր չէ Նիկոլ Փաշինյանի գործողությունները դիտարկել տրամանաբանության և ադեկվատության ծիրի մեջ, դա անիմաստ է»,- այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Ադեկվադ» միաբանության վարչության անդամ Լիլիթ Թումանյանը՝ անդրադառնալով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև երեկ տեղի ունեցած հանդիպմանը:
Հիշեցնենք, որ երեկ ստորագրվել է եռակողմ հայտարարություն Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև, որտեղ ներկայացվել է կոնկրետ գործողությունների պլան անցյալ տարի նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության 9-րդ կետի իրականացման համար: Եվ, ինչպես հանդիպումից հետո հայտարարեց Նիկոլ Փաշինյանը, գերիների հարցը չի հաջողվել լուծել:
«Նրա գործողությունները չեն տեղավորվում ո՛չ տրամաբանության, ո՛չ հավասարակշռության, ո՛չ խելամտության սահմաններում, պետք չէ դատել իր մասին այդ տեսանկյունից, պետք է դատել զուտ չոր փաստերից, կարևոր չէ, թե ի՞նչ է ասվում, ընդ որում, երկու կողմից էլ, կարևոր է դիտարկել այն, թե ինչ է արվում:
Նիկոլ Փաշինյանը շարունակում է բավարարել ադրբեջանական ժողովրդի շահերը, շարունակում է իրականացնել այն երազանքները, որոնց տարիներ շարունակ Ադրբեջանն ու Թուրքիան չեն հասել: Խոսքը ոչ միայն վերջին 30 տարվա, այլ վերջին 100 տարվա մասին է: Միջանցքը, որը կապելու է Թուրքիան Ադրբեջանի հետ, դա 100 տարվա երազանք էր, շատ վաղեմի, որն այսօր արդեն իրականություն է դառնում»,- ասաց Թումանյանը:
«Ադեկվադ» միաբանության վարչության անդամը նշեց, որ Հայաստանի շահերը այդ եռակողմ հանդիպման ժամանակ ներկայացրել է ոչ թե Նիկոլ Փաշինյանը, այլ Վլադիմիր Պուտինը:
«Ո՞վ է Նիկոլ Փաշինյանը, որ պաշտպանի Հայաստանը, ո՞վ է ինքը, որ ներկայացնի Հայաստանը, շնորհակալ եմ, չեմ ուզում, որ ինքը ո՛չ պաշտպանի, ո՛չ էլ ներկայացնի: Դրա փոխարեն՝ Հայաստանը պաշտպանում է ՌԴ նախագահը, որովհետև ՌԴ նախագահն է խոսում այն մասին, որ դեռևս առկա է ահաբեկչական վտանգ տարածաշրջանում, ՌԴ նախագահն է խոսում ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին, այսինքն՝ ազգերի ինքնորոշման սկզբունքի մասին, այսինքն՝ ԼՂՀ կարգավիճակի մասին, նա է խոսում, հիշեցնում այդ մասին: Նստում, զրույցներ է վարում Մակրոնի հետ, այսինքն՝ ԵԱՀԿ Մինսկի խումբն ունի շարունակական գործընթաց, ինքն է խոսում հավասարաչափ շահերի ապահովման մասին՝ հայ և ադրբեջանցի ժողովուրդների համար: Պուտինն է խոսում, էլ ինչի՞ համար Նիկոլ Փաշինյանը պետք է ինչ-որ բան անի, եթե իր փոխարեն՝ իրական գերտերության իրական ղեկավարը հոգ է տանում արդեն: Փաստացի Նիկոլ Փաշինյանը ոչ թե իր խոսքերով, այլ վարքագծով ի ցույց է դնում, որ ինքը, ըստ էության, համաձայն է այն մտքի հետ, որ ինքն այլևս Հայաստանը չի ներկայացնում»,- ասաց Թումանյանը:
Նա պնդեց, որ ամբողջ գործընթացում երեք կողմ կա՝ Ադրբեջան-Թուրքիա, Ռուսաստան և Նիկոլ Փաշինյան, բայց ոչ Հայաստան:
«Նիկոլ Փաշինյանն այս պահին որպես սպասավոր է ներկայանում, որը հույս ունի ինչ-որ տնտեսական շահերի՝ կուշտ ստամոքսի սկզբունքով քիչ էլ երկարացնել սեփական իշխանությունը: Ակնհայտ է դառնում նախորդ օրվա բանակցություններից, թե ի՞նչ է առաջարկելու մեր տղաների կյանքերի, մեր հողի, մեր ազգային արժանապատվության փոխարեն: Առաջարկելու է երկաթգիծ, տնտեսություն, այն էլ՝ այստեղ էլ կա մեքենայություն, որովհետև հարկավոր է տարանջատել, փոխադարձ առևտուրը չի նշանակում՝ տնտեսություն, վաճառականի սեղանիկ դնելով փողոցում՝ դու չես կարող քեզ համարել տնտեսվարող սուբյեկտ: Տնտեսվարող սուբյեկտը գերտերությունն է, տվյալ դեպքում՝ Թուրքիան, նա է հանդիսանում այս բոլոր ծրագրերի իրական շահառուն և շահույթ ստացողը, Թուրքիան և Ադրբեջանը, միգուցե, Ռուսաստանն էլ ինչ-որ բան կստանա, բայց ակնհայտորեն սա իր գերնպատակը չէ: Նիկոլ Փաշինյանն ասում է, որ սա աննախադեպ իրավիճակ է ստեղծելու, տնտեսական առումով ռեգիոնը փոխվելու է, այստեղ կրկին դրսևորում է անգրագիտություն»,- ասաց Թումանյանը:
Նա որպես օրինակ բերեց Բաթումին, որտեղ վրացիներն ընդամենը սպասավորի դեր են կատարում, իսկ գործատուները բոլորը թուրքեր են:
«Այդ հատվածը կորցրել է իր ինքնիշխանությունը, փաստացի Նիկոլ Փաշինյանը մեզ հիմա առաջարկում է նաև տնտեսական ինքնիշխանության կորուստ: Անընդհատ կորուստներ է առաջարկում, փորձում է դա թանկով վաճառել մարդկանց վրա, հաշվի առնելով նրանց տնտեսական վատ վիճակը, որը վերջին երկու տարվա ընթացքում էլ ավելի վատթարացավ: Նա շատ լավ հասկանում է, որ առաջիկա կես տարվա ընթացքում լուրջ տնտեսական ցնցումներ են լինելու, և ինքն ինչ-որ բան պետք է առաջարկի, բայց սեփական ներուժ ինքը չունի, ՀՀ բյուջեն ծակ է արդեն»,- ասաց Թումանյանը:
«Ադեկվադ» միաբանության վարչության անդամը նշեց, որ Թուրքիան և Ադրբեջանը երբեք չեն հրաժարվելու իրենց գլոբալ ծրագրից, որի իրագործման պարագայում Հայաստանում հայեր չպետք է լինեն: Լիլիթ Թումանյանի պնդմամբ՝ Նիկոլ Փաշինյանի երկար իշխանության մնալը ձեռք է տալիս միայն այդ երկու երկրներին, քանի որ այդպիսով երաշխավորված են նրանց բոլոր ծրագրերը:
«ՀՀ տարածքը վաճառվում է թուրքերին, Փաշինյանի գլխավոր նպատակը հիմա թանկ գին պոկելն է»,- ասաց Թումանյանը:
Անդրադառնալով ռազմագերիների վերադարձի խնդրին, որը չկարողացավ լուծել Նիկոլ Փաշինյանը, Լիլիթ Թումանյանն ասաց.
«Նիկոլ Փաշինյանը գնալուց առաջ գիտեր, որ օրակարգում չկա գերիների հարց, բայց շարունակում էր ասել, որ ինձ համար առաջնահերթությունը այդ հարցի լուծումն է: Ռազմագերիների վերադարձի հարցը բացարձակապես Նիկոլ Փաշինյանի ձեռքում չէ և կախված չէ իրենից, կախված է ռուսական կողմից»: