«Ամանորին ընդհանրապես չենք ունեցել սննդային թունավորումներ». «Շտապօգնություն» ՓԲԸ տնօրեն
Դեկտեմբերի 30-ից հունվարի 7-ը Երևանի շտապ բուժօգնության ծառայությունը սպասարկել է ավելի քիչ թվով կանչեր, քան նախորդ տարի: «Շտապօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ամփոփեց ստացված կանչերն ու դրանց բնույթը:
«Այս տարի ամանորյա օրերն անցել են ավելի հանգիստ, քան անցած տարի: Մենք սպասարկել ենք 1377 կանչով ավելի քիչ, քան անցած տարի: Ամբողջ կանչերի թիվը կազմել է 6533: Հիվանդանոց է տեղափոխվել 1204 հիվանդ, որը 453-ով ավելի քիչ է քան անցած տարի»,- ասաց Ստեփանյանը:
Նա նշեց, որ տոն օրերի ընթացքում նվազել է նաև մանկական կանչերի և հիվանդանոց տեղափոխված երեխաների թիվը:
«Չենք ունեցել ընդհանրապես սննդային թունավորումներ, ալկոհոլային թունավորումների թիվը կազմել է 27 հոգի, որոնցից 20-ը տեղափոխվել է հիվանդանոց»,- ասաց Ստեփանյանը և նշեց, որ մահացության դեպքերի թվի աճ չի եղել: