«Ես դեռ չեմ տեսել մի ծնող, ով համաձայն չլինի հարցը տանել իրավական ճանապարհով. բոլորի համար էլ հետաքրքիր է՝ ինչո՞ւ է իր երեխան զոհվել». Արսեն Ղուկասյան
Անհետ կորած զինծառայողների հարազատների գործողությունների համակարգող խմբի անդամ Արսեն Ղուկասյանը կրկին Ստեփանակերտում է: Երևան էր եկել մի քանի կարևոր խնդիրների լուծման, ինչպես նաև Արցախում զոհված եղբոր Սուրբծծնդյան առաջին մեռելոցին մասնակցելու համար:
Հիշեցնենք, որ Արցախում անհետ կորած էին Արսեն Ղուկասյանի եղբայրն ու եղբորորդին: Շաբաթներ առաջ հայտնաբերվեց եղբոր մարմինը, իսկ եղբոր որդուն, ինչպես նաև մյուս անհետ կորած զինծառայողներին մինչև այժմ նա որոնում է Արցախում:
Երեկ ուղիղ հեռարձակմամբ Արսեն Ղուկասյանը տեղեկացրեց, որ իրենց պայքարը տեղափոխելու են իրավական դաշտ ու դիմելու են Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ պաշտպանելու իրենց ու իրենց հարազատների խախտված իրավունքները:
Արսեն Ղուկասյանն ուղիղ եթերում հայտարարությամբ հանդես եկավ՝ մասնավորապես նշելով.
«Այսօր մենք հասկացել ենք, որ չենք կարող իրենց աթոռին կպած զինվորականներին կամ չինովնիկներին ծեծելով, աշխարհի հայհոյանքները տալով՝ աշխատեցնել: Մեզ խաբում են ու քաշքշուկի մեջ գցում, որ հոգնենք, համակերպվենք, որոշ փոխհատուցումներ ստանանք, լեզուներս կարճանա, և այլն: Ելքը մեկն է՝ սկսել անզիջում և հետևողական իրավական պայքար բոլոր այն մարդկանց նկատմամբ, ովքեր դավաճանել են, խաբել են մեր երեխեքին ու տարել են անխուսափելի մահվան: Պատրաստվում ենք քրեական պատասխանատվության ենթարկել թե՛ զինվորականներին, թե՛ քննիչներին, թե՛ իշխանությանը, որը կոծկում է այս ամենը: Հասկանալի պատճառներով՝ մեզանում իրավաբաններ և լրագրողներ չկան, ուստի խնդրում եմ բոլոր հայ լրագրողներին և իրավաբաններին՝ օգնել մեզ այս սուրբ պայքարում ընդդեմ դավաճան չինովնիկների անտարբերության, ում համար մարդը, հայ մարդը, մեր զավակները, նրանց կյանքը, առողջությունն ու արժանապատվությունը ոչինչ են, այսինքն՝ սահմանադրությունը թղթի կտոր է: Հարգելի լրագրողներ ու իրավաբաններ, խնդրում եմ կապ հաստատել մեզ հետ՝ հետևյալ ռազմավարությունն իրականացնելու նպատակով»:
Նա խնդրեց նաև լրագրողների աջակցությունը, որ դուրս գան միջազգային հարթակներ և հայտնեն, որ մեր իշխանությունները միտումնավոր թաքցնում են զոհվածների, գերիների և անհետ կորածների թվաքանակը, որպեսզի հետագայում պատասխանատվություն չկրեն նրանց հարազատների առջև:
Այսօր Արսեն Ղուկասյանը տեղեկացրեց, որ իրենց կոչին արձագանքել են բազմաթիվ իրավաբաններ:
168.am-ի հետ զրույցում վերջինս տեղեկացրեց, որ անհետ կորածների որոնումներն իրականացնում են Արցախի արտակարգ իրավիճակների նախարարության, ռուս խաղաղապահների ու տեղանքը լավ իմացող ուղեկցողների հետ միասին:
«Որոնողական աշխատանքներին մասնակցում են նաև մարդիկ, ովքեր մասնակցել են պատերազմական գործողություններին և քաջատեղյակ են՝ որտե՞ղ, ովքե՞ր կամ, ի՞նչ հանգամանքներում, և այլն: Որպեսզի ավելորդ ժամանակ չծախսվի, նշածս մարդիկ են ներգրավվում, ովքեր հստակորեն ասում են՝ օրինակ, այստեղ մարմիններ կան, ու այդտեղից գնում, դուրս են բերում»,- ասաց Արսեն Ղուկասյանը:
Հարցին, թե երեկ ինքը տեղեկացրել է, որ ռուս խաղաղապահների խնդրանքով, կապված տեխնիկական խնդիրների հետ, առաջիկա հանգստյան օրերին որոնողական աշխատանքներ չեն իրականացվի, և արդյո՞ք նման դեպքեր հաճախ են լինում, նա պատասխանեց՝ առաջին անգամ է, նախկինում նման դեպքեր երբեք չեն եղել:
«Մեքենաներ են… Էդքան սարերով քշում են, տեխնիկական խնդիրներ են, բնականաբար, առաջանում, իրենք էլ ազատ օր չեն ունենում՝ մեքենաները նորոգելու համար, դրա համար այս անգամ այստեղի ԱԻՆ-ի տնօրենի միջոցով խնդրեցին լուծել տեխնիկական խնդիրներն ու կրկին անցնել որոնողական աշխատանքներին»,- ասաց Արսեն Ղուկասյանը:
Դիտարկմանը, թե իր երեկվա ուղիղ հեռարձակման ժամանակ, կապված ՄԻԵԴ դիմելու հետ, ինքը 300 թիվն է նշել, արդյո՞ք այդքան են անհետ կորածները, Արսեն Ղուկասյանն ասաց, որ սկզբնական շրջանում հավաքվել էր մոտ 360 հոգու ստորագրություն, ովքեր այս հարցի հետ որևէ ձևով կապված էին, և նրանք պատրաստ էին իրավական գործընթաց սկսելու դեպքում ակտիվորեն ներգրավվել, աջակցել քննությանը, վկայություն կամ ցուցմունք տալ:
«Բայց արդեն անցել է 2 ամիս ժամանակ, և այդ մարդկանցից շատ-շատերն արդեն գտել են իրենց հարազատների մարմինները: Բայց չնայած այդ հանգամանքին՝ բոլորի համար էլ հետաքրքիր է՝ ինչո՞ւ է իր երեխան զոհվել: Հասկացանք՝ պատերազմ է եղել, բայց պատերազմն էլ իր կանոններն ունի»,- ասաց Արսեն Ղուկասյանը՝ նշելով, որ իրենց մեջ իրավական գործընթաց սկսելու հարցով տարաձայնություններ չկան:
Նա ասաց, որ դեռ չի տեսել մի ծնող, ով համաձայն չլինի հարցը տանել իրավական ճանապարհով:
«Կարծում եմ, որ հարցն արդեն հասունացել է այն աստիճանի, որ մարդիկ պատրաստ են մասնակցել բոլոր գործընթացներին: Այս ճանապարհով իրականում մենք դեռ 2 ամիս առաջ պետք է գնացած լինեինք»,- նկատեց Արսեն Ղուկասյանը:
Հարցին, թե արդյո՞ք իր դեկտեմբերի 15-ի կատարած հայտարարության դեպքով քրեական գործ է հարուցվել, քանի որ ավելի վաղ ինքը տեղեկացրել էր, որ իր արած մի արտահայտության հետքերով իրեն հետաքննիչ է այցելել, Արսեն Ղուկասյանն ասաց, որ իրենից բացատրություն են վերցրել, բայց իր տեղեկություններով՝ քրեական գործ չի հարուցվել:
«Իմ արտահայտության հետ կապված՝ ես սպառիչ պատասխաններ եմ տվել»,- ասաց նա: