«Գլխարկ ու ձեռնոց ենք ուղարկում բանակին, երբ 170 մլն դոլար փող է հավաքվել սահմանի, զինվորի կարիքների համար». Արշակ Զաքարյան
Այսօր ասուլիսի ժամանակ կինոռեժիսոր Արշակ Զաքարյանն ասաց, որ իր կարծիքով՝ որքան երկար մնա գործող իշխանությունը, այնքան շատ մարդ է զրկվելու իր տնից:
«Տեսա, որ Գեղարքունիքում ինչ-որ գյուղերից երիտասարդներ դուրս էին եկել փողոց՝ ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի, այս ապիկար իշխանության: Ես հավատացած եմ, որ այդ գյուղերում, որտեղից հիմա տարհանվում են, անպայման կլինեն մարդիկ, ովքեր ժամանակին ճանապարհ են փակել, դե, ճանապարհ փակելը հեչ, մոլորվածներ շատ են եղել, հետո ծափահարել են ամսի 9-ի ստորացուցիչ, դավադիր հայտարարությունը, որ պրծանք պատերազմից, հիմա պատերազմը եկավ մտավ նրանց տուն: Մտածում էի, որ չնայած իրենք սխալ են անում՝ իմ կարծիքով, բայց Աստված չանի՝ վաղն իրենց դուռը ծեծեն: Միգուցե ասֆալտի փողն Ալիևը գլխանց էր տվել Փաշինյանին, որ Սևանի աջափնյա հատվածն ասֆալտեր, երևի ասֆալտի փողն էլ հետն էր տվել: Կասկածներ ունեմ, որ այս իշխանությունն ինչքան երկար ձգվի, այնքան շատերն են զարմանալու, թե ինչու է իրենց դուռը թակում թշնամին»,- ասաց Զաքարյանը:
Նա նկատեց, որ չնայած պատերազմի օրերին Համահայկական հիմնադրամում մեծ գումար էր հավաքվել, այժմ մեր բանակը տարրական բաների կարիք ունի:
«Մենք ստիպված ենք նորից վերադառնալ 90-ականներին, այն ժամանակներին, որ սահմանում պետքական ամենաչնչին բանը՝ գլխարկ ու ձեռնոց ենք ուղարկում բանակին, երբ 170 մլն դոլար փող է հավաքվել սահմանի, զինվորի կարիքների համար»,- ասաց Զաքարյանը:
Կինոռեժիսորը հիշեց, որ պատերազմի ընթացքում իր ընկերները զանգել են իրեն և հարցրել, թե ի՞նչ անեն իրենց հավաքած գումարը, Զաքարյանն էլ խորհուրդ է տվել, որ ուղարկեն հիմնադրամին՝ չմտածելով, որ հետագայում այդ գումարի մեծ մասը փոխանցվելու է Կառավարությանը և մտնի պետբյուջե:
«Ինչքան էլ անմեղսունակ, անխելք, հիմարի մեկը լինես, էդ պահին պատերազմ է գնում, ու կարող են գալ քեզ էլ վերացնել, դու գոնե զենք կառնես, որ տղերքը կռվեն, չենք պատկերացրել դրա աստիճանը, և դա շարունակական է լինելու»,- ասաց Զաքարյանը:
Հունվարի 28-ին կինոռեժիսորը հավաք է նախաձեռնել՝ քննարկելու այն գործողությունների պլանը, որով պետք է Նիկոլ Փաշինյանն իր կառավարության հետ միասին հեռանան իշխանությունից:
«Հայահավաք ենք նախաձեռնում, մի անգամ դա արեցինք 2019-ի փետրվարի 26-ին, երբ Նիկոլ Փաշինյանի ռեյտինգը պիկում էր, և բավականին շատ մարդ հավաքվեց, այդ ժամանակ ասեցինք այն, ինչ հիմա տեղի ունեցավ, ասեցինք՝ Փաշինյանը եկել է պատերազմով Արցախը հանձնելու, մեր դևիզն էր՝ «Արյունով գծածը գրիչով չես ջնջի», այսինքն՝ մեկ ստորագրությամբ երկիր չես հանձնի, մենք դա ասում էինք, թե ինչ է լինելու, մենք զգուշացնում էինք, որ չլինի, բայց քանի որ այն ժամանակ, ինչպես հիմա, շատ-շատերը տաքուկ իրենց տեղաշորում քնած մտածում են, որ դա իրենց չի հասնի, եկավ հասավ, հիմա էլ, ովքեր քնած են հենց Երևանի մեջտեղում ու կարծում են, որ իրենց չի հասնելու, հասնելու է, դրա համար հերթական հայահավաքն ենք հրավիրում և ասում ենք, որ պետք է գործողություններ արվի: Հրավիրել եմ տղամարդկանց այս անգամ, ասել եմ՝ եկեք, տղերք, էս հարցը լուծենք, հերիք է թաքնվենք կանանց թիկունքում»,- ասաց Զաքարյանը:
Կինոռեժիսորը նշեց, որ ունի ծրագիր, սակայն չի ուզում, որ մեկի ասածով երկիրը ղեկավարվի, ուստի ներկայացնելու է իր ծրագիրը կազմկոմիտեի նիստում, ինչպես կորոշեն, այնպես էլ կանեն:
«Օր առաջ, ժամ առաջ ասելով՝ ամիսներ ձգձգում ենք»,- ասաց Զաքարյանը և ավելացրեց, որ մարդիկ թմբիրի մեջ են:
Նա նաև պնդեց, որ պետք չէ առանձնացնել նախկինն ու ներկան, կարևոր է, որ երկրի ղեկին հայ և արհեստավարժ մարդ լինի: