«Ընդդիմությունը պահը դեռ չի կորցրել». Տիգրան Քոչարյանը՝ Փաշինյանի հրաժարականի մասին
«Զուտ օրացուցային առումով հիմա 2021թ. է, բայց ամեն ինչով մենք դեռևս ապրում ենք 2020թ.-ում, որովհետև այն մղձավանջը, որը սկսվել է 2020թ.-ին, շարունակվում է՝ տարածքների հանձնում, հայ ազգի մեջքի կոտրում և մնացած բոլոր պրոցեսները, որոնք նախաձեռնվել են, շարունակվում են»,- այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը:
Նա նշեց, որ նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարությունից հետո դեռևս մարդիկ են գերեվարվում, զոհվում, հրադադարի ավարտից երկու ամիս անց դեռևս անհայտ է, թե քանի՞ զոհ, քանի՞ վիրավոր, քանի՞ անհետ կորած, քանի՞ գերեվարված ունենք:
«Ալիևն ասում է, որ նոյեմբերի 10-ից հետո բոլոր գերեվարվածները գերի չեն, այլ զինվորական հանցագործ, վաղը կասի, որ ահաբեկիչ են, հետո էլ՝ որ չի պատրաստվում վերադարձնել նրանց, իսկ Փաշինյանը մատը մատին չի տալիս, որ զբաղվի դրանով: Եթե ունենայինք երկրի նորմալ ղեկավար, նա պետք է դուրս չգար Ռուսաստանի ՊՆ-ից, Վադիմիր Պուտինի կաբինետից, Ալիևի հետ պետք է հանդիպեր, փորձեր գերիներին բերել: Վարչապետ Փաշինյանը գերիների հարցն ուղղակի իր վրայից գցում է, և դրանով ով ասես՝ զբաղվում է, բացի իրենից, չնայած հենց ինքը պետք է զբաղվի: 2020 թ.-ը մեզ մոտ շարունակվում է, այսօր փաստացի դեկտեմբերի 35-ն է»,- հեգնեց Քոչարյանը:
Մեդիափորձագետի խոսքով՝ ընդդիմությունը դեռ շանս ունի հասնելու Նիկոլ Փաշինյանի հրաժարականին, ինչին մինչև այժմ չի հասել, քանի որ՝ ինչպես ազգը, այնպես էլ՝ ընդդիմությունը բազմաշերտ է:
«Ընդդիմության բավականին մեծ զանգված նաև տանն է մնում, որովհետև չի ուզում գնալ այս մի ընդդիմության հետևից, որը հարթակում է, գլոբալ ու խառը պրոցես է Հայաստանում: Շատերն ասում են՝ ինչո՞ւ հարյուր-հազարավոր մարդիկ դուրս չեն գալիս: Պետք է հաշվի առնել, որ առաջինը՝ սուգ է երկրում, շատ մարդիկ սգավոր են, ու չեն հասնում իրենց այն ուղերձները, որոնք պետք է հասնեն, ինքն իր աշխարհի մեջ է, իր զավակի, իր հոր, եղբոր հետ է: Մի մասն այս կամ այն պատճառով, խանդի տեսարանների պատճառով, չի գնում, չի միանում հարթակի ժողովրդին և, ցավոք սրտի, հարթակում կանգնած որոշ մարդիկ այդքան էլ չեն հասկանում, թե ի՞նչ է իրենց ուզածը: Հավաքվում է այն քանակը մարդկանց, ովքեր պատրաստ են ռեալ, ռադիկալ գործողությունների, ամեն ինչի, բայց էդ մարդկանց ցրում են տներով, ցույցեր են կազմակերպվում աշխատանքային օրերի, աշխատանքային ժամերի, չեն հետևում եղանակի տեսությանը՝ ե՞րբ է նորմալ եղանակ, ե՞րբ է անձրև կամ ձյուն գալիս, անկազմակերպվածության և փորձի պակաս եմ ես տեսնում»,- ասաց Քոչարյանը:
Հարցին, թե արդյո՞ք ընդդիմությունը պահը չի կորցրել, մեդիափորձագետը բացասական պատասխան տվեց.
«Պահը դեռ չեն կորցրել: Պետք է վերաֆորմատավորվի, պետք է փորձել այն զանգվածներին, որոնք եղել են փողոցում և բավականին շատ էին, իրենց վերադարձնել»,- ասաց Քոչարյանը և ավելացրեց, որ պետք է հստակ մեսիջներ փոխանցել, թե ինչո՞ւ, օրինակ, անձը պետք է մնա դրսում, գիշերի այնտեղ:
Անդրադառնալով պարբերաբար տեղեկատվական դաշտ նետվող պնդումներին, թե այն հողերը, որոնք կորցրել ենք պատերազմի ժամանակ և այժմ էլ շարունակում ենք կորցնել, ադրբեջանական են, Քոչարյանն ասաց.
«Հիմա կազմակերպված դաշտ են նետվում այդպիսի գաղափարներ, որ սրանք մեր հողերը չեն, գրավված հողեր են եղել, մենք դրանց հետ ի՞նչ գործ ունենք, դրանք արդեն տվեցին, պրծան, հիմա էլ ապացուցում են, որ Շուռնուխն ադրբեջանական գյուղ է եղել միշտ, ինչո՞ւ եք այսպես պատմություն սարքում: Ծրագիրը միայն տարածքներն ու Սյունիքի անվտանգությունը հանձնելը չէ, ծրագիրը շատ ավելի շարունակական է, մյուս քայլը լինելու է այն, որ Սյունիքից հայերը գնալու են, որովհետև անվտանգ չէ այնտեղ ապրելը, ամեն ինչ արվելու է, որ նրանք գնան: Նույն Շուռնուխի մնացած կեսի բնակչին դժվար է ասել, որ՝ դու այստեղ ապահով կապրես, քանի որ դու դուրս ես գալիս, և 10 մետրի վրա թուրք է կանգնած, նայում է քեզ վրա: Շարունակությունը լինելու է Սյունիքի գյուղերի հայաթափումը, ծրագրի երկրորդ մասը լինելու է փախստականների և մարդկանց, ովքեր ստիպված էին 88-89-ին լքել իրենց տները, վերադարձն իրենց գյուղերը, իսկ մենք գիտենք, որ նույն Կապան համայնքում բավականին շատ ադրբեջանական գյուղեր կային, նույն Մեղրիում մի քանի ադրբեջանական մեծ գյուղ կա, Մասիսի, Արտաշատի, Ամասիայի, Վարդենիսի շրջանում, ամեն տեղ թուրքեր են ապրել»:
Քոչարյանը նաև պնդեց, որ, եթե այսպես շարունակվի, ապա տեղահանման վտանգը կարող է սպառնալ անգամ այն վայրերի բնակիչներին, որոնց թվում է, թե այս ամենն իրենցից հեռու է: Մեդիափորձագետը նշեց, որ չի տեսել որևէ երկիր, որ բանավոր պայմանավորվածությունների հիման վրա տարածքներ տա:
«Չկա տենց բան, որ մարդ բանավոր տարածք տա: Հիմա Փաշինյանը տալիս է: Ընդ որում՝ դա անօրինական, հակասահմանադրական է, դու քո տարածքի դեմարկացիան, դելիմիտացիան իրավունք չունես բանավոր տալ: Ինքն անում է, և սրանով ՍԴ-ն, Դատախազությունը պետք է զբաղվեն: Ինչ-որ մեկը գնացել բանավոր ինչ-որ բան է պայմանավորվել, ո՛չ Անվտանգության խորհուրդը, ո՛չ պառլամենտը, ո՛չ ընդդիմությունը, ոչ ոք տեղյակ չի եղել»:
Անդրադառնալով Թուրքիայի և Ադրբեջանի հետ առևտուր անելու հավանականությանը՝ Քոչարյանը հատկապես շեշտեց, որ Թուրքիան իր տնտեսությամբ 2 տարում կսնանկացնի մեր արտադրողներին: