Եկեք աղոթենք, որ տերը մեզ պարգևի իմաստուն, աստվածավախ, ծառայասեր առաջնորդներ, որոնք նախապես կգիտակցեն մեր ազգի շահը․ տեր Անդրեաս աբեղա Եզեկյան
Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցում այսօր մատուցվեց 2021 թվականի առաջին պատարագը, որին մասնակցում էր նաև Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն։
Ինչպես նախորդ շաբաթ՝ տարեվերջյան պատարագի օրը, այնպես էլ այսօր՝ եկեղեցու բակում էին հավաքվել բազմաթիվ քաղաքացիներ՝ թույլ չտալու համար հոգևորականների նկատմամբ որևէ ոտնձգություն։
Նշենք, որ երեկ համացանցում քահանա ներկայացող օգտատերը գրել էր, որ այսօր Էջմիածնում հավաքվելու են միտինգ անելու համար, ինչը կանխելու նպատակով էլ այսօր մեծաթիվ քաղաքացիներ հավաքվել էին Սուրբ Գայանե եկեղեցու բակում։
Պատարագի ընթացքում ներկաներին դիմեց տեր Անդրեաս աբեղա Եզեկյանը։ Նա իր խոսքում, մասնավորապես, ընդգծեց, որ այս աշխարհում մարդկության համար ամենացանկալի, ամենաերազելի, ամենաըղձալի իրողությունը իշխանություն ունենալն է։
«Վա՞տ է իշխանություն ունենալը, իհարկե, ոչ, որովհետև իշխանության միջոցով մենք փորձում ենք գաղափարից դեպի նյութական բերել մեր ցանկությունները, մեր երազանքները, մեր տեսլականները։ Հարցը մեկ այլ կողմում է՝ արդյո՞ք մեր տեսլականները, մեր երազանքները բարի են։ Մի փոքր այլ կերպ ձևակերպելով Դոստոևսկու խոսքը, կարող ենք ասել, որ իշխանությունը կարող է փրկել երկրները, սակայն բարի՞ է, թե՞ ոչ՝ սա է հիմնական հարցը։ Երբ մենք նայում ենք մեր ողջ համաշխարհային պատմությանը, տեսնում ենք, որ այն իշխանության, գաղափարախոսության պայքար է, և այդ պայքարը գնում է ամբողջ աշխարհում։ Բայց մենք տեսնում ենք, որ մարդիկ իշխանության են ձգտում ոչ թե նրա համար, որ ավելի լավը դարձնեն մեր կյանքը, այլ որպեսզի բավարարեն իրենց ցանկությունները, իրենց հաճույքները։ Տեսնում ենք, թե ինպես են մարդիկ սանձազերծում պատերազմներ՝ անվանում դրանք հանուն խաղաղություն, տեսնում ենք, թե ինչպես են մարդկանց թալանում և ասում, թե այդ մարդկանց բարօրության համար են անում, տեսնում ենք, թե ինչպես են մարդիկ բռնանում իրենց եղբայրների իրավունքների վրա ու ասում, թե նրանց ազատությունն են պաշտպանում։ Այդ մարդիկ իրենց հռչակում են բարերարներ ու խաղարարներ։
Նրանք չեն ուզում, որ իրենց տրված այդ ընծայով իրենց եղբայրներն ու քույրերն ավելի լավ ապրեն, աշխարհն ավելի լավը դառնա, նրանք ուզում են, որ մենք լսենք իրենց ականջներով, տեսնենք իրենց աչքերով, խոսենք այն, ինչ իրենք են ուզում ու իրենց կամքն են մեզ թելադրում, սակայն այս իրողությունը քրիստոնեության համար խորթ է։ Իշխանության այս այլասերված օրինակն ունենալաով է, որ առաքյալները եկան և Քրիստոսին հարցրեցին՝ իրենցից ո՞վ է առաջնորդը, Քրիստոսը նրանց ասաց, որ ով ուզում է առաջնորդ լինել, պետք է լինի ծառա։ Ահա այս բանաձևն է, որ տերը մեզ տվեց»,- ասաց տեր Եզեկյանը՝ նշելով, որ Հիսուս Քրիստոս խաչ բարձրացավ, որ մենք փրկություն ունենանք, ոը, թեև, նա իշխանության իրական տերն էր, դարձավ ծառա։
«Հիսուս Քրիստոսի այս պատգամը մեզ սովորեցնում է, որ իշխանության հոմանիշը պատասխանատվությունն է, խնամքն ու սերը։ Ով ուզում է տեր լինել, ով ուզում է առաջնորդ լինել, ով ուզում է ավագ լինել, պետք է ծառայի իր մերձավորին։ Եկեք բոլորս աղոթենք մեր տիրոջը, որպեսզի տերը մեզ պարգևի իմաստուն, աստվածավախ, ծառայասեր առաջնորդներ, որոնք նախապես կգիտակցեն մեր ազգի շահը»,- ասաց նա։