Բաժիններ՝

«Պետք է գիտակցենք, որ պարտվել ենք ինքներս մեզ՝ մեր լավագույն տեսակը մեր վատթարագույնին». Ավետիք Չալաբյան

Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Այսօր ավարտվում է 2020 թվականը։ Նախորդ տարիներին, ես սովորաբար դրանք ավարտում էի՝ նշելով ձեռքբերումները, շնորհակալություն հայտնելով բոլոր այն մարդկանց, որոնց հետ բախտ է վիճակվել տարվա ընթացքում միասին որևէ լավ գործ անել, և բարեմաղթանքներ հղելով մոտեցող նոր տարվա համար։

Այս անցնող տարին, սակայն, իմ և թերևս շատ շատերիս կյանքի ամենածանր տարին էր։ Տարի, երբ կորուստները գերազանցեցին ձեռքբերումներին։ Տարի, երբ փուլ եկան մեր բազմաթիվ իղձեր և երազանքներ՝ տեղը թողնելով դատարկություն և ցավ։ Տարի, երբ կորցրեցինք բազում հարազատ մարդկանց, երբ դառնացած ենք և շփոթահար, երբ հեշտությամբ գտնում ենք անցյալի և ներկայի համար մեղավորներ, բայց դեռ չենք գտնում հստակ պատասխաններ՝ ապագայի վերաբերյալ։

Այս տարի մեր կյանքի, մեր երկրի պատմության մի մեծ էջ շրջվեց, մոտ 30 տարի տևողությամբ։ Մեր ամբողջ արածն ու չարածը, մեր լավն ու վատը, մեր առաքինությունները և արատները մեկ ուժգին հորձանքով հորդեցին դուրս, կանգնեցնելով մեզ պատմության անողոք դատի առջև։ Այս տարի հերոսությունը զուգորդվեց դավաճանության, անձնազոհությունը՝ թուլամորթության, իմաստությունը՝ մեծամտության, կազմակերպվածությունը՝ բարձիթողության, ազնվությունը՝ ստի, վեհանձնությունը՝ նախանձի հետ։ Պարզվեց, որ մեր ներսում կա սրանցից յուրաքանչյուրը, և յուրաքանչյուրի ծայրահեղ դրսևորումները։ Մեր առաքինությունները, որքան էլ փառահեղ ու հզոր, ցավոք ի վերջո պարտվեցին մեր մեջ չափից դուրս մեծ տարածում ստացած արատներին, և մեզ կանգնեցրին հավաքական պարտության առաջ։ Եվ որքան էլ մեղադրենք թշնամուն, թե արտաքին, և թե ներսում նրան ծառայող, ի վերջո պետք է գիտակցենք, որ պարտվել ենք ինքներս մեզ՝ մեր լավագույն տեսակը մեր վատթարագույնին, և նրա շուրջ տարածված եսապաշտին ու անտարբերին։

Պարտվելով հանդերձ պատերազմում, մենք պետք է դասեր քաղենք թե անցած տարուց, և թե դրան նախորդած ամբողջ պատմական ժամանակաշրջանից։ Եթե մենք կարողանանք հենվել մեր իրական առաքինությունների վրա, անցնենք ինքնամաքրման միջոցով, վերականգնենք մեր ազնվությունը, մեր նվիրվածությունը հայրենիքին և սեփական պետությանը, մեր սերը մերձավորի և մեր հարգանքը յուրաքանչյուրի նկատմամբ, նոր եռանդ գտնենք մեր մեջ՝ պաշտպանելու և զարգացնելու մեր երկիրը, ապա այս կորուստները իզուր չեն լինի, այսօրվա պարտությունը հիմք կդառնա ապագա հաղթանակների, և մենք ի վերջո իրականություն կդարձնենք այս տարի մեզնից հեռացած բազում թանկագին մարդկանց լավագույն իղձերը և երազանքները։ Եթե սակայն մենք շարունակենք նույն ոգով, ինչպես անցյալում, ապա ոչ միայն այս կորուստները կդառնան իզուր, այլև նրանց կհետևեն նորանոր կորուստներ, մեկը մյուսից ցավոտ, և արդեն անշրջելի։

Ուստի այսօր, ավարտելով այս տարին, և խոնարհելով գլուխս մեր բոլոր հերոս նահատակների, ինչպես նաև այս տարի կյանքից անժամանակ հեռացած մեր բոլոր հայրենակիցների առջև, ես ցանկանում եմ մաղթել մեզնից յուրաքանչյուրին նոր ուժ գտնել մեր մեջ՝ վերապրելու անցնող տարվա ցավը, իրական դասեր քաղելու նրանից, վեր հանելու սեփական հոգու մաքուրն ու բարին, վճռականորեն հրաժեշտ տալու արատավորին և չարին, տոգորվելու հույսով և հավատով, և ձեռք մեկնելու մեր բոլոր մերձավորներին՝ ամոքելու մեր ցավերը և միասին կառուցելու մեր վաղվա օրը։

Բոլորիդ ցանկանում եմ խաղաղ և բարեբեր Նոր տարի, և հաստատակամություն և տոկունություն՝ այդ ամենը հարատև դարձնելու»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս