Բաժիններ՝

Հնդկաստանը կերկարացնի Մեծ Բրիտանիայի հետ ավիահաղորդակցության դադարեցումը

Հնդկաստանը Մեծ Բրիտանիայի հետ ավիահաղորդակցության դադարեցումը կերկարացնի մինչեւ հունվարի 7-ը: Այդ մասին հաղորդել է քաղաքացիական ավիացիայի նախարար Խարդիփ Սինգհ Փուրին:

«Որոշում է ընդունվել Մեծ Բրիտանիա եւ այնտեղից թռիչքների դադարեցումը երկարացնել մինչեւ 2021 թվականի հունվարի 7-ը: Դրանից հետո տեղի կունենա խիստ կանոնակարգված վերսկսում, որի մանրամասները կհայտարարվեն առաջիկայում»,-գրել է Փուրին Twitter-ում:

Հնդկաստանը դեկտեմբերի 23-ից մինչեւ ամսվա վերջը Մեծ Բրիտանիայի հետ օդային հաղորդակցությունը դադարեցրել էր այնտեղ կորոնավիրուսի նոր մուտացիայի հայտնվելու ֆոնին:

Դեկտեմբերի կեսերին հայտնի է դարձել Մեծ Բրիտանիայում SARS-CoV-2 կորոնավիրուսի նոր մուտացիայի հայտնաբերման մասին:

Ավելի ուշ Բրիտանիայում շնչուղիների նոր եւ առաջացող վիրուսային սպառնալիքների գծով կոնսուլտացիաների խորհուրդը հաստատել է, որ երկրում հայտնաբերված կորոնավիրուսի տարբերակը տարածվում է մեծ արագությամբ եւ բնակչությունից էլ ավելի մեծ զգուշություն է պահանջում:

Թեեւ վիրուսի նոր տարբերակը, ըստ նախնական գնահատումների, կարող է 70 տոկոսով ավելի վարակիչ լինել սովորականից, առայժմ ոչ մի բան չի վկայում այն մասին, որ դա ավելի վտանգավոր է մահացության կամ հոսպիտալարցման տեսակետից: Ավելի վաղ Հնդկաստանի առողջապահության նախարարությունը նշել է, որ նոյեմբերի 25-ից մինչեւ դեկտեմբերի 23-ը Մեծ Բրիտանիայից Հնդկաստան են ժամանել շուրջ 33 հազար ուղեւորներ: Կորոնավիրուսի դեմ պայքարի գծով գործող ռազմավարությանը համապատասխան, ուղեւորները ՊՇՌ-թեստ են հանձնել, նրանց գտնվելու վայրը հսկվում է:

Թեստերի արդյունքներով՝ կորոնավիրուս է հայտնաբերվել 114 ժամանած անձանց մոտ: Հնդկաստանի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն, երկրում հայտնաբերվել է 20 մարդ, որոնք վարակվել են կորոնավիրուսի «բրիտանական» հիմնամանրէով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս