Վերլուծաբաններն ուսումնասիրել են ռուսաստանցիների ծախսերն Ամանորից առաջ
Ռուսաստանցիները, չնայած կորոնավիրուսի համավարակին, խնայողություններ չեն անում Ամանորից առաջ, դիտվում է այս ժամանակաշրջանի համար տիպական ծախսերի աճ: Այդ մասին վկայում են «Սբերբանկի» «ՍբերԻնդեքս» վերլուծական պորտալի հետազոտության արդյունքները:
«Դեկտեմբերի 21-ից մինչեւ 27-ն ընկած ժամանակաշրջանում դիտվել է նախամանորյա ժամանակաշրջանի համար բնութագրական ծախսերի աճ: Մասշտաբով այն դեռ ետ չի մնում անցյալ տարվանից եւ կազմում է +22 տոկոս (շաբաթ առ շաբաթ): Ռուսաստանցիների սպառողական ծախսերի դինամիկան մնացել է +11 տոկոսի մակարդակին՝ տարեցտարի»,-նշվում է նյութերում:
Եթե ընթացիկ դրական միտումները պահպանվեն, սպառողական ծախսերի տարեկան նվազումը տարեցտարի կկազմի 5,8 տոկոս, ընդ որում՝ պարենի համար անվանական ծախսերը մեկ տարում կավելանան 4,6 տոկոսով, ասվում է հաղորդագրության մեջ: Իսկ ոչ պարենային հատավաճառքը, համապատասխանաբար, տարին կփակի թույլ բացասական, նախնական գնահատականը տարեկան արտահայտությամբ կկազմում է մինուս 2 տոկոս:
«Վերջնական ցուցանիշը կախված կլինի Ամանորի վաճառքների դինամիկայից: Բայց դա ցանկացած դեպքում վատ արդյունք չէ, հաշվի առնելով այն, որ սեգմենտը խիստ սահմանափակումների ազդեցության տակ է գտնվել ապրիլ- մայիս ընկած ժամանակաշրջանում»,-նշել են վերլուծաբանները:
Նաեւ, ըստ վերլուծաբանների կանխատեսումների, միագումար ապրանքաշրջանառությունը Ռուսաստանում տարվա արդյունքներով չի ընկնի, չնայած կորոնավիրուսին, աճի նախնական գնահատականը տարեցտարի կազմում է 1,5 տոկոս: Դրա հետ մեկտեղ ծախսերը ծառայությունների սեկտորում այդպես էլ չեն վերականգնվել: Թեեւ ակտիվ առեւտրակետերի քանակն այժմ 5,4 տոկոսով բարձր է փետրվարի ցուցանիշներից, եւ ներկայում աճում են բոլոր հանգուցային ուղղությունները, պարենային հատավաճառը, մյուս ապրանքները եւ ծառայությունները, այստեղ ծախսերն անցյալ տարվա համեմատությամբ կնվազեն 24,3 տոկոսով, նշել է «ՍբերԻնդեքս»-ը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: