Սերբիան 1 մլն եվրո օգնություն կուղարկի Խորվաթիա երկրաշարժից հետո
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը նամակ է հղել երկրի նախարարների կաբինետ՝ երկրաշարժից տուժած հարեւան Խորվաթիային օգնություն ցույց տալու համար 1 միլիոն եվրո տրամադրելու խնդրանքով: Դեկտեմբերի 30-ին այդ մասին հայտնել է Kurir թերթը:
Օգնությունը ցույց կտրվի ազատ միջոցներից եւ կստացվի մոտ ժամանակներս: Խորվաթիային ցանկացած անհրաժեշտ օգնություն ցույց տալու պատրաստակամության մասին Վուչիչը հայտարարել է դեռ դեկտեմբերի 29-ին:
Խորվաթիայում 6,3 մագնիտուդով երկրաշարժ է արձանագրվել դեկտեմբերի 29-ին: Էպիկենտրոնը գտնվել է երկրի մայրաքաղաք Զագրեբից 46 կիլոմգետր դեպի հարավ – արեւելք:
Օջախը եղել է 5 կիլոմետր խորության վրա: Ինչպես հաղորդել է Խորվաթիայի HINA պետական լրատվական գործակալությունը, այդ երկրաշարժի հետեւանքով զոհվածների թիվը հասել է յոթի: Խորվաթիայում ստորգետնյա ցնցումները չեն դադարում դեկտեմբերի 29-ի առավոտվանից:
Վերջին 49 ժամում երկրում արձանագրվել է 40 ստորգետնյա ցնցում: Ցնցումներն զգացվել են նաեւ Սլովենիայում, Բոսնիայում եւ Հերցեգովինայում, Սերբիայում եւ Ավստրիայի հարավ – արեւելյան տարածաշրջաններում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: