Իսպանիա այցելած զբոսաշրջիկների թիվը կնվազի կես դարում մինչև ամենացածր ցուցանիշ. El Pais
Իսպանիա այցելած օտարերկրացի զբոսաշրջիկների թիվը, ընթացիկ տարվա արդյունքներով, հավանաբար, կես դարում կնվազի մինչեւ ամենացածր ցուցանիշ կորոնավիրուսի համավարկի պատճառով: Դեկտեմբերի 28-ին այդ մասին հայտնել է El Pais թերթը:
Սպասվում է, որ 2020 թվականի արդյունքներով Իսպանիա կայցելի 20 միլիոնից պակաս զբոսաշրջիկ՝ մեկ տարի առաջվա արտասահմանից ժամանած 83 միլիոն հյուրի համեմատությամբ:
Օտարերկրարցիների ընդհանուր ծախսերն այս տարի չեն գերազանցի 20 միլիարդ եվրոն, մինչդեռ 2019 թվականին այդ ցուցանիշը հասել էր 92 միլիարդ եվրոյի: Վերջին կես դարում երբեք երկիր այցելած օտարերկրացիների թիվը չի նվազել մինչեւ այդ ցուցանիշը: 1969 թվականին Իսպանիա է ժամանել գրեթե 21,7 միլիոն զբոսաշրջիկ, 1968 թվականին՝ 19,2 միլիոն:
Եթե անցյալ տարի զբոսաշրջության հատվածը ներկայացրել է երկրի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) շուրջ 12 տոկոսը, ապա 2020 թվականին դա կլինի 4 տոկոսից փոքր-ինչ ավելի:
Դեկտեմբերի սկզբին թագավորության Վիճակագրության ազգային ինստիտուտը տեղեկացրել է, որ ընթացիկ տարվա հունվարից մինչեւ հոկտեմբեր Իսպանիա այցելած օտարերկրացիների թիվը կազմել է 17,9 միլիոն, ինչը 76,1 տոկոսով ցածր է անցյալ տարվա նույն ցուցանիշից:
Առաջին տասն ամսում Իսպանիայում զբոսաշրջիկների ծախսերը կազմել են 18,5 միլիարդ եվրո, ինչը 77,3 տոկոսով ցածր Է 2019 թվականի ցուցանիշից: Վարակի տարածման սկզբից թագավորությունում հայտնաբերվել Է վարակման ավելի քան 1,85 միլիոն դեպք, գրեթե 50 հազար հիվանդ մահացել է:
Մարտ ամսվա կեսերին երկրում սահմանվել է բարձր պատրաստության ռեժիմ: Այդ միջոցն իշխանություններին թույլ է տվել սահմանափակել բնակիչների տեղաշարժն ամբողջ երկրում: Փակվել են սրճարանները, բարերը, ուսումնական հաստատությունները, մարզասրահները, հյուրանոցները, ժամանցի հաստատությունները:
Ռեժիմի գործողությունն ավարտվել է հունիսի 21-ին, այդ ժամանակ էլ Իսպանիան որոշել է կրկին բացել սահմանները Շենգենյան գոտու երկրների հետ: Բացառություն է արվել Պորտուգալիայի համար, որի հետ թագավորությունը սահմանը բացել է հուլիսի 1-ին: Հոկտեմբերի վերջին Իսպանիայի կառավարությունը վերստին երկրում սահմանել է բարձր պատրաստության ռեժիմ, որի գործողությունը երկարաձգվել է մինչեւ եկող տարվա մայիսը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: