Բաժիններ՝

Թատրոնի՝ երկու տարի աշխատավարձ չստացած աշխատակիցները ևս մեկ ամիս պետք է համբերեն

Խորեոգրաֆիայի պետական թատրոնի» աշխատակիցները շարունակում են գնալ-գալ դատերի ու այդպես էլ չհասնել վերջնակետին, այն է՝ ի վերջո ստանալ աշխատավարձ: Միակ հույսն այն է, որ որոշման սպասելու համար քիչ ժամանակ է մնացել, ընդամենը մեկ ամիս, որովհետև կարծում են, որ այդ օրը կավարտվի դատը:

«Փաստացի երկու տարի է՝ աշխատավարձ չեն ստացել: Գործը դատաքննության փուլում է գտնվում, պետք է դեկտեմբերին ավարտվեր, սակայն թատրոնը ծանուցված չի եղել, ու հետաձգվել է դատը: Այն կկայանա հունվարի 25-ին»,- 168.am-ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Աշխեն Դախյանը:

Փաստաբանը նշեց, որ թատրոնի տնօրենի ԺՊ-ն` Լիլիթ Փալանջյանը, ոչ դատերին է ներկայանում, ոչ էլ աշխատանքի է գնում:

«Թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը չի գնում նաև ԿԳՄՍ նախարարություն՝ ստորագրելու որոշ թղթեր, որպեսզի բյուջեից Ֆինանսների նախարարությունը գումար հատկացնի»,- նշեց նա:

Ինչպես տեղեկացրել էինք ավելի վաղ,   Խորեոգրաֆիայի թատրոնի նախկին տնօրեն Գայանե Կարապետյանն ու աշխատակիցները հայցեր էին ներկայացրել դատարան:

Արդյունքում, առաջին հայցով դատարանն անվավեր էր ճանաչել մշակույթի նախարարի՝ Խորեոգրաֆիայի թատրոնի նախկին տնօրեն Գայանե Կարապետյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ հրամանը և  Մշակույթի նախարարությանը (Հայաստանի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (ԿԳՄՍՆ)) տուգանել էին մոտ 950.000 դրամով ու չեղյալ համարել հրամանը:

Երկրորդ հայցն այն է, որ թատրոնի 19 աշխատող դիմել է դատարան՝ արդեն մոտ 2 տարվա աշխատավարձերի փոխհատուցման համար: Ողջ 2019 թվականին և 2020 թվականին դեռ աշխատավարձ չեն ստացել:

ԵԴ/38173/02/19  դատական գործը քննվում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Արաբկիրի նստավայրում։  Գործով պատասխանող է «Խորեոգրաֆիայի պետական թատրոն» ՊՈԱԿ-ը, երրորդ անձինք՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։ Երրորդ անձ՝ ՀՀ ֆինանսների նախարարությունը։ Պահանջն աշխատավարձերի բռնագանձման, տուգանքի վերաբերյալ է։  Հայցվորները թվով 19-ն են։ Դատարանը մեր միջնորդության հիման վրա արդեն կիրառել է հայցի ապահովման միջոցներ և արգելանք է դրել հայցագնի չափով «Խորեոգրաֆիայի պետական թատրոն» ՊՈԱԿ-ի գույքի վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս