Ոստիկանապետ Վահե Ղազարյանը շարունակում է բացակայել Կառավարության նիստերից. պատճառը ներկայացնում է փոխոստիկանապետը

Օրերս 168.amանդրադարձել էր ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի՝ Կառավարության նիստերից բացակայելու խնդրին։ Գրել էինք, որ Ղազարյանը, արդեն երկրորդ շաբաթն է՝ չի ներկայանում Կառավարության նիստերին, թեև  նա ոչ գործուղման մեջ է, ոչ էլ՝ արձակուրդում։

Կառավարության դեկտեմբերի 24-ի տարեվերջյան նիստին ևս Ոստիկանապետ Վահե Ղազարյանը ներկա չէր։

Այս անգամ ևս ոստիկանությանն առնչվող հարցերը զեկուցում էր ոստիկանապետի տեղակալ Արա Ֆիդանյանը։

Կառավարության նիստից հետո Ֆիդանյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե որտե՞ղ է ոստիկանապետ Վահե Ղազարյանը և արդյո՞ք պաշտոնից ազատվելու   դիմում է ներկայացրել, ինչպես ավելի վաղ գրել էր մամուլը։

Ի պատասխան՝ Արա Ֆիդանյանը նշեց, որ ոստիկանապետն աշխատանքից ազատվելու դիմում չի գրել, իսկ ինչ վերաբերում է Կառավարության նիստերից նրա բացակայության հարցին՝ ասաց.

«Վստահեցնում եմ՝ հրաժարականի հարց առկա չէ, իսկ թե ինչո՞ւ եմ ես ներկայանում, քանի որ անձնամբ ես եմ կանոնակարգում իրավական խումբը և դրանով պայմանավորված՝ օրենսդրական և տարբեր հարցերի ներկայացման հետ կապված ես եմ ներկայանում»,- ասաց Ֆիդանյանը։

Հարցին՝ Վահե Ղազարյանը չի՞ տիրապետում այդ հարցերին, Ֆիդանյանը պատասխանեց.

«Միանշանակ տիրապետում է. բոլորն էլ տիրապետում են։ Նպատակահարմարությունից ելնելով, նաև իրավիճակից ելնելով է, որ բոլորը կարողանան առավել հստակ կանոնակարգել բոլոր գործընթացները»,- ասաց Արա Ֆիդանյանը։

Թեև փոխոստիկանապետի պատասխանից պարզ չդարձավ, թե ինչ իմաստ էր արտահայտում «անձամբ ես եմ կանոնակարգում իրավական խումբը և դրանով պայմանավորված՝ օրենսդրական և տարբեր հարցերի ներկայացման հետ կապված ես եմ ներկայանում» նախադասությունը, սակայն անհրաժեշտ է շեշտել, որ  Վահե Ղազարյանի մասնակցությամբ Կառավարության ընդունած որոշումները որևէ բանով չեն տարբերվում ոստիկանապետի բացակայության ժամանակ ընդունված որոշումներից. դրանք սովորականի պես Կառավարության տարբեր թվականների ընդունած որոշումներում փոփոխություններ կատարելու նախագծեր են ու գաղտնի հարցեր, այնպես որ, անհասկանալի է մնում Ղազարյանի՝ Կառավարության նիստերից բացակայելու բուն պատճառը։

Հավելենք, որ Արա Ֆիդանյանն այսօր Կառավարության հավանությանն է ներկայացրել 3 նախագիծ՝ ի դեպ, 3-ն էլ՝ չզեկուցվող։

 

Տեսանյութեր

Լրահոս