Բաժիններ՝

Իսրայելը չորրորդ ընտրություններ է նշանակում կոալիցիայի փլուզումից հետո

Իսրայելի Կնեսետը (միապալատ խորհրդարան) պաշտոնապես արձակվել է. երկրին մարտի 23-ին սպասվում են նոր ընտրություններ: Այդ մասին հաղորդել են տեղական ԶԼՄ-ները: 23-րդ գումարման Կնեսետը պաշտոնապես արձակվել է վերջին ընտրություններից ինն ամիս անց:

Կնեսետի հերթական ընտրությունները՝ չորրորդը երկու տարվա ընթացքում, կկայանան 90 օր հետո՝ 2021 թվականի մարտի 23-ին: Ավելի վաղ իսրայելական Կնեսետը նախնական հավանություն էր տվել խորհրդարանի արձակման եւ վաղաժամկետ ընտրությունների անցկացման օրինագծին: Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն խորհրդարանի արձակման եւ վաղաժամկետ ընտրությունների անցկացման օրինագծի նախնական ընթերցումից հետո կոչ է արել կոալիցիայի գծով իր գործընկերոջը՝ «Կախոլ-Լավան» կուսակցության առաջնորդ Բենի Հանցին, դադարեցնել այդ նախաձեռնության առաջ տանելը: Հանցն ավելի վաղ նախազգուշացրել էր, որ իր խմբակցությունը պաշտպանելու է Կնեսետի արձակման օրինագիծը:

Նախարարի խոսքով՝ ինքը նման դիրք է զբաղեցրել վարչապետի հետ առաջացած տարաձայնությունների պատճառով: Քաղաքական ճգնաժամն Իսրայելում շարունակվում է 2019 թվականից: Երկրում երեք անգամ ընտրություններ են անցկացվել, եւ միշտ աջ եւ ձախ կուսակցությունները խորհրդարանում ստացել են մոտավորապես նույն քանակությամբ տեղեր, ինչը խոչընդոտել է կառավարության ձեւավորմանը: 2019 թվականի ապրիլի եւ սեպտեմբերի ընտրությունների արդյունքներով՝ ո՛չ Հանցին, ո՛չ Նաթանյահուին չի հաջողվել կառավարություն ձեւավորել: 2020 թվականի մարտին անցկացված ընտրություններից հետո Հանցը եւ Նաթանյահուն բանակցություններ են վարել ռոտացիոն կառավարության ձեւավորման շուրջ, որոնք հաջողությամբ ավարտվել են ապրիլի վերջին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս