Արթուր Ղազինյանի բարձրացրած հարցերին Գլխավոր դատախազը չի պատասխանել
«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանն այսօր «Նիկոլ, հեռացիր» արժանապատվության երթի ժամանակ ներկաներին հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանը դատվելու է։
«Հիշում եք, չէ՞, որ Նիկոլը դատվելու է, հիշում եք, չէ՞, որ նա մենակ չէ, ուրեմն՝ մենք գործ ունենք ոչ թե մեկ մարդու պետական դավաճանության, այլ կազմակերպված հանցավոր խմբի կողմից պետությունը թուլացնելու նպատակով իրականացված համալիր գործողությունների հետ, որի արդյունքում տեղի է ունեցել հայկական բանակի կազմաքանդում, արցախյան պատերազմի՝ մեզ համար ծանրագույն ու ցավոտ ելք»,- նշեց Արթուր Ղազինյանը։
Ըստ նրա, երեկ, երբ երթով շարժվել են Գլխավոր դատախազություն, բարձրացրել են մի շարք հարցեր՝ կապված Մովսես Հակոբյանի ներկայացրած փաստերին, թե արդյո՞ք հարուցված քրեական գործի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը հարցաքննվել է։
«Ինչպիսի՞ դատավարական կարգավիճակ ունի նա այս քրեական գործում, եթե չի հարցաքննվել, ապա ինչո՞ւ, քանի որ քրեական գործը հարուցված է նոյեմբերի 21-ից, և մինչ այժմ գոնե մեզ հայտնի չէ որևէ քննչական գործողություն՝ իրենց կողմից հարուցված պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, իսկ իրականում պետական մասշտաբի դավաճանություն անելու համար։ Տվեցինք նաև հարց, թե արդյո՞ք առգրավվել է Նիկոլ Փաշինյանի կողմից իշխանության լիազորությունները յուրացնելու միջոցով Գլխավոր շտաբին տրված՝ պատերազմի 3-րդ օրը բանակի լրահամալրումը դադարեցնելու վերաբերյալ ձայնագրությունը, թե՞ ոչ։ Արդյո՞ք առգրավվել է Պաշտպանության նախարարությանը տված հույժ գաղտնի 0038 հրամանը։ Հարցաքննվե՞լ է արդյոք ՀՀ գլխավոր շտաբի պետը։ Մենք այսօր Գլխավոր դատախազությունից ստացել ենք պատասխան այն մասին, որ մեր կողմից բարձրացված հարցերը այս պահին, ելնելով գործի շահերից, հրապարակման ենթակա չեն»,- շեշտեց Արթուր Ղազինյանը։