«Հայրենիքի արժանապատվությունը կարող է վերականգնվել, երբ Նիկոլ դավաճանը հեռանա». Գեղամ Մանուկյան
Շարունակվում է «Նիկոլ, հեռացիր» արժանապատվությանը երթը, որն այսօր մեկնարկել էր Թումոյի հարակից տարածքից։
ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը երթի ժամանակ դիմելով ՀՀ բոլոր քաղաքացիներին, մասնավորապես՝ նրանց, որոնք պատուհաններից ողջունում էին երթի մասնակիցներին, նշեց, որ երթում կանգնած մարդիկ մտածում են բոլորի մասին։
«Նայեք այս երթը և տեսեք, թե նիկոլական լրատվամիջոցներն ինչպես են հաշվելու, թե քանի մարդ է իջել փողոց, նրանք գլուխները ջայլամի նման մտցրել են հողի մեջ և խաբում են իրենց շեֆին, որը փողոցից շատ է վախենում։ Նրանք իրենց շեֆին ստում են, թե նրա հրաժարականը մարդ չի պահանջում, այնինչ այսօր իրական հայ մարդիկ, որոնց մեջ այսօրվա ցուցարարներն են, ասում են՝ առանց Նիկոլ Հայաստան»,- նշեց Գեղամ Մանուկյանը։
Նրա խոսքը երթի մասնակիցներն ընդհատեցին՝ վանկարկելով՝ առանց Նիկոլ Հայաստան։
Գեղամ Մանուկյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի պաշտպանության գործը ստանձնել են առանց հայրենիք, առանց ազգություն ու սեռ մի զանգված, որոնց ասում են ֆեյք։
«Նրանք Նիկոլի կույր հետևորդներն են, նրանց մի մասը օր ու գիշեր լատինատառով գրում են ու անիծում զոհվածի մորը, նրանք են, որ ստեղծում են ատելության այն մթնոլորտը, որը կա, բոլորս նրանց ասում ենք՝ ամոթ։ Հենց այստեղ է տեղակայված Նիկոլ Փաշինյանի 2,5 տարվա ամենամեծ, ազգադավ, հայրենիքը պառակտած զենքը, որը կոչվում է ֆեյքերի ՊՈԱԿ՝ միակ պաշտպանը, որն այսօր Նիկոլն ունի։ Նրանք հատիկ-հատիկ վաղը ցուցմունք են տալու, բոլորի անունները հայտնի են՝ Հանրային խորհրդի նախագահից սկսած՝ ասելու են, թե ոնց էին փողի դիմաց Նիկոլին պաշտպանում։ Այս ՊՈԱԿ-ի հասցեն բոլորը, հատկապես լրագրողները լավ գիտեն՝ Օրբելի 23, այստեղից է հայ ժողովրդի դեմ թույն թափվում»,- ասաց Գեղամ Մանուկյանը։
Նա նաև հավելեց, որ ֆեյքերը կմաքրվեն, հայրենիքն էլ կմաքրվի։
«Երեկ Նիկոլ Փաշինյանն իբր ուզում էր վիրավորեր մեր հազարավոր քաղաքացիներին, ասելով, թե էլիտա են, այո, էլիտան երկիր սիրողն է, լույս բերողն է։ Հայրենիքի արժանապատվությունը կարող է վերականգնվել, երբ մաքրվի կառավարության շենքը, երբ Նիկոլ դավաճանը հեռանա»,- եզրափակեց Գեղամ Մանուկյանը։