«Սյունիքին սպասվում է նույն բանը, ինչ ունեցել ենք 90-ականներին՝ թշնամին նորից գալու է չոքի մեր բկին». Աշոտ Մինասյան

«Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը «Նիկոլ, հեռացիր» արժանապատվության երթի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց՝ այն, ինչ այսօր տեղի է ունենում՝ դավաճանական քայլ է, այլ անուն չունի։

«Նիկոլ Փաշինյանը ստում է, նա մարտադաշտում չի՛ եղել և ստում է՝ ասելով, որ եթե այդ համաձայնագիրը չստորագրեր, ապա բազմաթիվ զինվորներ կմնային շրջափակման մեջ»,- նշեց Աշոտ Մինասյանը։

Անդրադառնալով Կապանում շահեկան դիրքերը վաղը թշնամուն հանձնելու վերաբերյալ Պաշտպանության նախարարի հրահանգին՝ Աշոտ Մինասյանն ասաց.

«1991 թվականի ապրիլին Կապանի օդանավակայանի դիմաց եղել են Ախքեդ և Ազարչի գյուղերը, ինքս այդ մարտերին մասնակցել եմ և այնտեղից մաքրել ենք ազերիներին։ Այսօր այդ նույն տարածքը, որտեղից ժամանակին մաքրել ենք ազերիներին, ուզում են նորից այդ հանձնել նրանց, չգիտեմ՝ Նիկոլ Փաշինյանն ի՞նչ փաստաթղթի տակ է ստորագրել ու ինչո՞ւ։ Սյունիքին սպասվում է նույն բանը, ինչ ունեցել ենք 90-ական թվականներին՝ թշնամին նորից գալու է չոքի մեր բկին»։

Նա ընդգծեց, որ այս պահին բոլորի անելիքը մեկն է՝ ազգովի ոտքի կանգնեն և հեռացնեն Նիկոլ Փաշինյանին, այնուհետև ձևավորեն ճիշտ պաշտպանություն, քանի որ բոլորին էլ հայտնի է, որ այդ գործում բանակի ուժերը չեն բավարարում։

«Մեր պաշտպանության գործում շատ ենք ուշացել, ոչ ճիշտ քաղաքականության ու պաշտպանության արդյունքում՝ մենք ունեցանք այն, ինչ այսօր ունենք, իհարկե, ուշացել ենք և ամեն օր ենք ուշանում»,- ընդգծեց նա։

Ինչ վերաբերում է իր դեմ սկսված քրեական հետապնդմանը, Աշոտ Մինասյանը նկատեց.

«Դա իշխանությունների հերթական մուտիլովկան է, այլ կերպ ասած՝ պղտոր ջրում ձուկ որսալ, որն ուղղված է ընդդիմությանը, որից մեկն էլ ես եմ։ Ի՞նչ ասեմ, հո չե՞նք բռնելու՝ Նիկոլին ոտքերից կախենք, Նիկոլը պարտավոր է հեռանալ և ենթարկվել ժողովրդական դատաստանի։ Համապատասխան մարմինները պարտավոր են զբաղվել Նիկոլով, քանի որ նա անմեղսունակ է»։

Նիկոլ Փաշինյանի հայտարարության վերաբերյալ էլ՝ այն է, որ  ընդդիմության հավաքն էլիտաների հավաք է, որոնք ցանկանում են իշխանափոխություն անել, Աշոտ Մինասյանը ժպիտով նշեց, որ դժվար է մեկնաբանել Նիկոլ Փաշինյանի մտքերը, քանի որ նա երբեք ադեկվատ վիճակում չի լինում։

«Ինչպե՞ս մեկնաբանեմ Նիկոլի մտքերը, նա ադեկվատ չէ, երևի հերթական դեղորայքային չափաբաժինն ուշացել է, դրա համար էլ ինչ ասես՝ կարող է ասել»,- եզրափակեց նա։

Տեսանյութեր

Լրահոս