Զինդատախազը չընդունեց իրավապաշտպաններին. նույն օրակարգով նրանք կգնան նաև Գլխավոր դատախազության մոտ
Մի խումբ իրավապաշտպաններ այսօր ՀՀ զինդատախազության շենքի դիմաց պահանջում էին, որպեսզի զինվորական դատախազն ընդունի իրենց և պատասխանի իրենց հուզող մի շարք հարցերի, որոնք առաջացել են արցախյան պատերազմից հետո։
Որոշ ժամանակ սպասելուց հետո, զինվորական դատախազը փոխանցել էր, որ պատրաստ է ընդունել երեք իրավապաշտպանի, ինչն Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը մերժել էր՝ նշելով, որ իրենք բոլորն էլ հարցեր ունեն զինդատախազին, հետևաբար՝ բոլորին պետք է ընդունի։
«Ես առաջարկեցի զինդատախազին նաև իջնել ներքև, այնպես, ինչպես 2018 թվականին իջավ, իջնի և մեր հարցերին պատասխանի։ Ճիշտ է, ցուրտ է, ասացին, որ մի քիչ վատառողջ է, բայց թող կարճ ժամանակով իջնի ու զրուցի մեզ հետ։ Երեք հոգու ընդունելը ճիշտ չէ, ես չգիտեմ, թե որ երեքը պետք է բարձրանա վերև»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ռուբեն Մելիքյանը։
Այնուհետև որոշ ժամանակ Ռուբեն Մելիքյանին զինդատախազի կողմից փոխանցեցին, որ նա նպատակահարմար չի գտնում և չի կարող կարող իջնել ներքև՝ պատասխանելու գործընկերների հարցերին։
«Մենք այս մոտեցումն ի գիտություն ենք ընդունում և նույն օրակարգով պատրաստվում ենք գնալու Գլխավոր դատախազություն և գլխավոր դատախազին խնդրենք, որպեսզի նա իջնի իր գործընկեր իրավաբանների մոտ և պատասխանի մեզանից յուրաքանչյուրի հարցերին»,- եզրափակեց նա։