Բաժիններ՝

Սարերում լրիվ ադրբեջանցիներ էին, կռիվ գնաց, գերիներ վերցրեցին. Հին Թաղերի բնակիչ

Ադրբեջանցիները, օգտվելով  փաստից, որ խաղաղապահները դեռևս չէին տեղակայվել Հադրութի շրջանի հայկական կողմին մնացած Խծաբերդի, Հին Թաղերի հատվածում, գրոհ էին ձեռնարկել, որի հետևանքով կան վիրավորներ, գերեվարվածներ, տեղի բնակիչների փաստմամբ՝ նաև զոհեր:

Այս մասին հանրությանը հայտնի դարձավ դեկտեմբերի 15-ի երեկոյան, երբ համացանցում հայտնվեցին ադրբեջանական տեսանյութերը:

Հին Թաղեր գյուղի բնակիչներից Գրիշան, ով ժամանակավոր բնակվում է Երևանում՝ պատմեց, որ թշնամին մտել, այնտեղից ռուսներին էլ է հանել:

«Սարերում լրիվ ադրբեջանցիներ էին, կռիվ գնաց, գերիներ վերցրեցին, նաև զոհեր եղան»,- 168.am-ի հետ զրույցում ասաց նա:

Հին Թաղերի մեկ այլ բնակիչ էլ՝ տիկին Լալան, շարունակելով համագյուղացու խոսքը՝ հավելեց.

«Գյուղից մենք ավելի վաղ էինք դուրս եկել, երեխաներին, կանանց հանել էին:  Հույս ունեինք, որ կրկին կվերադառնանք, բայց այդպես չեղավ: Ամեն ինչ թողել ենք՝ տուն-տեղ, ունեցվածք: Թշնամին չորս կողմից պաշարել էր, բոլորն էլ ամեն ինչ թողել, մի կերպ դուրս են եկել: Ինչ ունեինք՝ մնաց թշնամուն: Հույս չունեինք, որ կփրկվեինք, դեռ լավ է՝ կարողացել ենք դուրս գալ: Կռիվ է եղել, գերիներ են վերցրել: Այս պահին իմ 6 հոգանոց ընտանիքի հետ ապրում եմ Մալաթիա-Սեբաստիա համայնքի մանկապարտեզներից մեկում՝ Հադրութից, Շուշիից ժամանակավոր տեղափոխված մյուս արցախցիների հետ: Համայնքապետարանը սնունդով օգնում է, կոմունալները մենք չենք վճարում: եթե Ստեփանակետում տուն լինի, ապահովեն ամեն ինչով, կուզենք վերադառնալ»:

Հիշեցնենք՝ Արցախի պաշտպանության նախարարությունը դեկտեմբերի 16-ին հայտնեց, որ երեկոյան, դեռևս անհայտ պայմաններում, կորել է կապը Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված Արցախի ՊԲ մի քանի մարտական դիրքերի անձնակազմի հետ։

Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում դեռևս շարունակում է անհայտ մնալ 73 մարդու ճակատագիր, հայտնում է Արցախի պաշտպանության բանակը:

Միջադեպի առաջին իսկ ժամերից, ըստ հաղորդագրության, ռուս խաղաղապահների աջակցությամբ, տարվում են անհետաձգելի աշխատանքներ զինծառայողների ճակատագրերը հնարավորինս արագ պարզելու ուղղությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս