Արցախի Մարտունու բնակավայրերի էլեկտրամատակարարման աշխատանքներ են ընթանում

Շուրջ 2-3 օր է էլեկտրամատակարարման ընդհանուր ցանցին է միացվել Հայաստանի Հանրապետությունից օդային գծով դեպի Արցախ եկող էլեկտրականությունը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Արցախի էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության էներգետիկայի բաժնի պետի պաշտոնակատար Լևոն Գաբրիելյանը՝ հավելելով, որ դրա շնորհիվ ապահովվել է հոսանքագծերի անհրաժեշտ լարումը, բավականին նվազել են էլեկտրամատակարարման ցանցի ծանրաբեռնվածությունն ու հարկադրված անջատումները:

«Այժմ, եթե անջատումներ լինում են, ապա միայն օդային գծերի տեղափոխման ու ենթակայանների վերանորոգման ու կառուցման աշխատանքների պատճառով: Բացի Մարտունու շրջանից, Արցախի գրեթե բոլոր բնակավայրերում կանոնավոր էլեկտրամատակարարումը վերականգնվել է: Մարտակերտի շրջանում կան որոշ գյուղեր, որտեղ էլեկտրամատակարարման ամբողջական վերականգնման համար ներքին օդային գծի վերանորոգման անհրաժեշտություն է զգացվում: Ինչ վերաբերում է Մարտունու բնակավայրերին, ապա ներկայումս գործնական աշխատանքներ են իրականացվում Ստեփանակերտից Ննգիի ճանապարհով դեպի շրջանի բնակավայրեր հասնող էլեկտրականության մոտ 40 կիլոմետրանոց օդային գծի ստեղծման ուղղությամբ: Ըստ հատվածների՝ պետք է կառուցվեն են նոր ենթակայաններ, վերականգնվեն կամ անցկացվեն օդային գծեր: «Արցախէներգո» ընկերության մասնագետներն այդ ուղղությամբ աշխատում են 24-ժամյա ռեժիմով: Արվում է հնարավորը առավելագույն սեղմ ժամկետում, արդյունավետ եղանակով Մարտունու շրջանի բնակավայրերին կանոնավոր էլեկտրամատակարարում հասցնելու համար»,-մանրամասնեց ոլորտի պատասխանատուն:

Տեսանյութեր

Լրահոս