«Ինչ-որ բաներ վերցրել ենք, տունն այրել ու դուրս ենք եկել». Մոշաթաղից Վայք տեղափոխված 9 հոգանոց ընտանիքն օգնության կարիք ունի
Քաշաթաղի շրջանի Մոշաթաղ գյուղից Վայքի Զառիթափ համայնքի Գոմք գյուղի կիսաքանդ բուժկետում ժամանակավոր բնակվող արցախցիների ինը հոգանոց ընտանիքն օգնության կարիք ունի:
Հիմնականում անհրաժեշտ է տաք հագուստ, գումար՝ կոմունալները վճարելու համար, իսկ սնունդ ստանում են համայնքապետարանի կողմից:
«Մեր տունը, որ թողեցինք թշնամու ձեռքում, շատ գեղեցիկ էր: Քանի որ բազմազավակ ընտանիք ունեմ, պետությունը մեզ համար բնակարան կառուցեց: Ես ջերմուկցի եմ, սակայն ամուսնացել ու տեղափոխվել եմ Արցախ և 22 տարի այնտեղ եմ ապրում:
Մոշաթաղը հանձնել են դեկտեմբերի 1-ին, իսկ մենք գյուղից դուրս ենք եկել նոյեմբերի 28-ին: Ինչ-որ բաներ վերցրել ենք, տունն այրել ու դուրս ենք եկել, բա ի՞նչ անեինք, երկար տարիների ընթացքում մեր ստեղծածը հո թուրքին չէի՞նք թողնելու: Ինչ կարողացել՝ բերել ենք, կեսն էլ մնացել է, քանի որ տեղափոխելու համար մոտ 150.000 դրամ էր պետք: Այնպես լավ այգիներ ունեինք… ահավոր վիճակ էր, այդ ամենը չեմ ուզում կրկին վերապրել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ընտանիքի մայրը՝ Ռուզաննա Թովմասյանը:
Նա չգիտի, թե ինչպես են վճարելու կոմունալների գումարը, եթե աշխատանք չկա:
«Այստեղ ցուրտ է, բոլորս հիվանդ ենք այս պահին: Ինչ վերաբերում է աշխատանքին, ապա Արցախում ես աշխատում էի, տղաս՝ նույնպես: Որդիս տնտեսագետ է, աշխատում էր ՀԷԿ-ում՝ որպես օպերատոր: Ցանկալի կլիներ, որ աշխատանքի առաջարկներ լինեին: Էլեկտրիկը գալու է՝ հոսանքի գումարը ուզի, ես որտեղի՞ց տամ: Մեր մոտ հոսանքի գումարը 14 դրամ էր իջել 25 դրամից, հետո շնչին հոսանքի համար 1200 դրամ օգնություն էր հասնում ամեն ամիս: Շատ բաներից զրկվեցինք, շատ: Ինչ էլ տեղափոխել ենք՝ ամեն ինչ ջարդվել է»,- նշեց մեր զրուցակիցը:
Ընտանիքին օգնելու համար կարող եք կապ հաստատել այս հեռախոսահամարով՝ 093515315: