Սևակ Ամրոյանը և «Հող»-ը նորովի են մեկնաբանել «Դրդո» ժողովրդական երգը
Ժողովրդական երգիչ Սևակ Ամրոյանը և «Հող» երաժշտական նախագիծը համատեղ ներկայացրել են «Դրդո» սիրված ստեղծագործությունը, որի տեսահոլովակն արդեն համացանցում է:
Հոլովակը նկարահանվել է Սերգեյ Փարաջանովի թանգարանում:
Ավելի վաղ Ամրոյանը «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում տեղեկացրել էր, որ երկրպագուներն ինտերնետային բոլոր հարթակներում արդեն կարող են գտնել Ամրոյանի թվով երկրորդ ձայնասկավառակը, որն անվանել են «Յարխուշտա»:
Ձայնասկավառակում կան ժողովրդական, աշուղական, հայրենասիրական և նոր երգեր։
«Ներառվել են զուգերգեր Ռոզի Արմենի և Անդրե Սիմոնյանի հետ, ինչպես նաև խմբակային երգ՝ Արփիի և Վարդան Բադալյանի հետ։ Երգերի վրա աշխատել են գործիքավորողներ ԴերՀովան, Գարիկ Գևորգին, Գարեգին Առաքելյանը (Գաթա բենդ), Արմեն Սարգսյանը (Բրդե), Արսեն Բարսամյանը, Պատրիկ Ավետիսյանը։ Ձայնասկավառակի հնչյունային ռեժիսորը ԴերՀովան է (Հարություն Տեր Հովակիմյան)։
Իսկ ձայնասկավառակի դիզայնն ամբողջությամբ վստահել եմ ինչպես միշտ Արվին Քոչարյանին»,-գրել է Սևակ Ամրոյանը:
Սևակ Ամրոյանը «Ժողովրդական երգիչ» նախագծի առաջին եթերաշրջանի հաղթողն է: Սովորել է Երևանի Ջիվանու անվան աշուղական դպրոցում, իսկ հետագայում՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ժողովրդական երգեցողության բաժնում: 2013-2015 թվականներին՝ նույն բաժնի մագիստրատուրայում։
2014-ին Մհերի հետ թողարկել է Արա Գևորգյանի «Ադանա» երգը և տեսահոլովակը՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Համերգային շրջագայություններով եղել է Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Անգլիայում, Կիպրոսում, Արաբական Միացյալ Էմիրություններում և մի շարք այլ երկրներում: