Ձայնագրություններ, նոր երգեր. դաշնակահար Էդգար Հայրապետյանն աշխատում է անգամ համավարակի պայմաններում
Երաժիշտ Էդգար Հայրապետյանը, որը տարիներ շարունակ համագործակցում է Հայաստանում և սփյուռքում լայն ճանաչում վայելող Հարութ Փամբուկչյանի, Արման Հովհաննիսյանի, Արմենչիկի և այլ հայ աստղերի հետ, ելույթներ ունենում աշխարհի ամենահեղինակավոր բեմերում, համավարակի տարածման ընթացքում հնարավորություն է ունեցել նոր ձայնագրություններ անել, երգերի գործիքավորմամբ զբաղվել և ավելի շատ ժամանակ հատկացնել որդուն:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Հայրապետյանը խոստովանում է, որ առաջին հայ երաժիշտն է, որը հնարավորություն է ունեցել հանդես գալ Լոս Անջելեսի Nokia, թատրոնում՝ ելույթ ունենալով հանրահայտ երաժիշտների հետ, առիթ է ունեցել նվագել «Դոլբի» թատրոնում, Լաս Վեգասի մի շարք հանրահայտ բեմերում, մասնակցել է երաժշտական փառատոնների Նյու Յորքում, Տորոնտոյում, Մոնրեալում, Ռուսաստանում, եվրոպական քաղաքներում: Այս ամենը Հայրապետյանին մոտիվացրել է ավելի շատ աշխատել, առաջ գնալ և հասնել բարձունքների:
«Հայրս ակորդեոնահար է: Կարծում եմ՝ սերը երաժշտարվեստի հանդեպ փոխանցվել է գեներով: Հիշում եմ՝ դեռ 13 տարեկանից նվագում էի, անգամ գումար վաստակում, չնայած ծնողներս ցանկանում էին, որ իրավաբան դառնամ: Սովորել եմ այդ բաժնում, բայց կիսատ թողել ուսումս»,-նշում է նա:
Հայրապետյանը սիրում է տարբեր ժանրերի ստեղծագործություններ նվագել, բայց հիմնականում համագործակցում է էստրադային աստղերի հետ: Նրանցից են Արամեն, Հարութ Փամբուկչյանը, Արման Հովհաննիսյանը, Ռազմիկ Ամյանը, Լիլիթ Հովհաննիսյանը, Սիրուշոն, Հարութ Բալյանը, Սոֆի Մխեյանը և այլք:
Տարիներ առաջ Էդգար Հայրապետյանին հրավիրում են մասնակցելու «Շաբաթ երեկո» հեռուստանախագծին, որում ընդգրկվելու համար աշխատանքային հարուստ փորձ էր հարկավոր: Դաշնակահարն այդ ընթացքում ճանաչում է ձեռք բերում: Հետագայում նրան հրավիրում են աշխատելու նաև «Ոսկե կլառնետ» հեռուստանախագծում: Հետո հանրահայտ երգիչ Աբրահամ Ռուսսոն համերգային ծրագրով գալիս է Հայաստան, և Հայրապետյանն ընկերների հետ համագործակցում է նրա հետ: Ռուսսոն շատ է հավանում երաժիշտներին, առաջարկում որպես բենդ, որում ընդգրկված էին Կարո Սարաֆյանը, Տիգրան Սանոյանը, Գագիկ Թորոյանը, Խաչիկ Սահակյանը և այլք, հանդես գալ նրա հետ:
Դաշնակահարը շեշտում է, որ զբաղվածության, հյուրախաղերի պատճառով չեն կարողացել որպես բենդ շարունակել աշխատել Ռուսսոյի հետ, սակայն կապը մինչ օրս չի ընդհատվում:
«Կարծում եմ՝ երաժիշտը պետք է պատասխանատվության մեծ զգացում ունենա հեղինակավոր դահլիճներում, մարզադաշտերում հեղինակություն վայելող արտիստների հետ նվագելու համար: Բազմաթիվ հյուրախաղերի եմ մասնակցել, մի երկրից մյուսը գնացել: Հիշում եմ՝ պետք է մասնակցեի Լաս Վեգասում կայանալիք Թաթայի և Արմենչիկի համերգին: Թռիչքների հետ կապված խնդիրներ առաջացան, և ես Հայաստանից մի կերպ մեկնեցի ԱՄՆ: Համերգի սկսվելուց րոպեներ առաջ հասա համերգասրահ, փոխեցի հագուստս և բեմ բարձրացա, անգամ երաժիշտներին բարևելու ժամանակ չգտա: Միայն համերգից հետո կարողացանք ողջագուրվել: Նման իրավիճակներ հյուրախաղերի ժամանակ հաճախ են լինում»,-պատմում է դաշնակահարն ու հավելում՝ ամեն անգամ, երբ օդանավակայանում ցույց է տալիս իր անձնագրերը, աշխատակիցները զարմանում են, որ հասցրել է լինել բազմաթիվ երկրներում:
Էդգար Հայրապետյանի խոսքով՝ Արմենչիկը, Արման Հովհաննիսյանը և մյուս երգիչները իրապես մեծ լսարան ունեն: Նրանց համերգներին գալիս են ոչ միայն հայկական համայնքների ներկայացուցիչներ, այլև բազմաթիվ այլազգիներ: «Մի առիթով Նյու Յորքում շրջում էինք Արմենչիկի հետ: Մտանք մի սրճարան, որտեղ մեզ մոտեցան ռուս երկրպագուներ ու սկսեցին զրուցել նրա հետ: Ի վերջո երաժշտությունը ո՛չ լեզու է ճանաչում, ո՛չ ազգություն: Ինձ համար շատ հաճելի էր համագործակցությունը Հարութ Փամբուկչյանի հետ, որովհետև դեռ փոքրուց լսում էի նրա երգերը և հանկարծ ես եմ նվագում նրա համերգների ժամանակ: Նա արդեն երիտասարդ չէ, բայց շատ եռանդուն է: Ասեմ, որ մեր երգիչներից յուրաքանչյուրը շատ հետաքրքիր է, իսկ նրանց հետ աշխատելը և՛ հաճելի է, և՛ պարտավորեցնող»,-ընդգծում է դաշնակահարը:
Անդրադառնալով համավարակի հետևանքով երաժիշտների առջև ծառացած խնդիրներին՝ Հայրապետյանն ասում է, որ, անկախ նրանից հնարավորություն կա գումար վաստակելու, թե ոչ, երաժշտական մարզավիճակում լինելու համար անհրաժեշտ է մշտապես աշխատել: «Նվագում ենք, չենք ընկճվում: Իմ ձայնագրման ստուդիայում մշտպես ձայնագրություններ ենք իրականացնում, արտասահմանի գործընկերների հետ համագործակցում օնլայն տիրույթում: Իհարկե, կենդանի շփումն ու նվագակցությունն այլ հաճույք են, բայց ժամանակն առաջ է գնում, և մենք չգիտենք, թե վաղն ինչ զարգացումներ կլինեն: Մարդ արարած ենք ու կարողանում ենք ադապտացվել յուրաքանչյուր իրավիճակի: Եթե մինչև համավարակը որոշ բացեր լրացնելու ժամանակ չէինք գտնում, ապա հիմա շտկումներ անելու շրջանն է: Տարբեր ստեղծագործությունների գործիքավորումն եմ իրականացնում, նվագում: Տղայիս՝ Ռուդիկի հետ եմ շատ ժամանակ անցկացնում: Նա սովորում է Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում. ապագա երգիչ է: Կարծում եմ՝ դեռ կլսենք նրա մասին»,-հպարտությամբ նշում է Էդգար Հայրապետյանը:
Նա նաև աշխատում է որպես պրոդյուսեր: Համագործակցում է երգիչ Արայիկ Ավետիսյանի հետ, որի «Սիրո ծովում» երգը հաջողություն է ունեցել և Սոչիում կայացած երաժշտական մրցանակաբաշխություններից մեկում արժանացել է մրցանակի: 13-ամյա մի շնորհալի երգչուհու՝ Արցախում զոհված տղաներին նվիրված երգն են գործիքավորել:
Էդգար Հայրապետյանը խոստովանում է՝ պատերազմից հետո և՛ ինքը, և՛ արտերկրում ապրող երգիչներ փորձել են աջակցել Արցախից Հայաստան եկած մի քանի ընտանիքի և հնարավորությունների սահմաններում հոգ տարել նրանց մասին:
«Դա լուսաբանելու կամ պատմելու բան չէ: Յուրաքանչյուրիս պարտքն է մեր հայրենակիցներին օգնելը»,-եզրափակում է երաժիշտը:
Անահիտ Ստեփանյան