Վերաքննիչ դատարանը մերժել է Միհրան Հակոբյանի ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչելու որոշման դեմ դատախազության բողոքը. փաստաբան
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ, վստահորդիս` Միհրան Տարոնի Հակոբյանի ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ դատախազի կողմից բերված վերաքննիչ բողոքը այսօր մերժվեց: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Միքայել Սխիմյանը:
«Դատարանը ի թիվս այլ, բազմաթիվ խախտումների (հիմնավոր կասկածի բացակայություն, ձերբակալումը բացառող իմպերատիվ հանգամանք) արձանագրել է նաև որ, Մ.Հակոբյանի` Կոնվենցիայի 5-րդ հոդվածով ամրագրված իրավունքների նկատմամբ միջամտությունը եղել է ոչ իրավաչափ։
Նշված որոշման յուրահատկությունը կայանում է նաև նրանում որ այն կարող է կանխորոշիչ դեր ունենալ նաև ողջ քրեական գործի լուծման համար…
Նախագահող դատավոր, պարոն Ա.Վարդանյան»,- գրել է Սխիմյանը:
Հիշեցնենք, որ դատախազությունը վերաքննիչ բողոք էր ներկայացրել հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանի ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչելու որոշման դեմ:
Նշենք, որ նոյեմբերի 21-ին Երևանում խաղաղ անհանդուրժողականության ակցիաներ էին, քաղաքացիները պահանջում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Երևանի տարբեր հատվածներից ակցիայի մասնակիցների մի մասին՝ շուրջ 85 անձի ոստիկանությունը բռնի ուժ կիրառելով բերման ենթարկեց, նրանցից քսանը՝ այդ թվում Միհրան Հակոբյանը, ձերբակալվել էին:
Ավելի ուշ Միքայել Շխիմյանը հայտնել էր, որ Միհրան Հակոբյանն ազատ էր արձակվել, դատարանը նրա ձերբակալումը ճանաչել է ոչ իրավաչափ: