«Գուցե նաև մեր սխալն է, որ այդ հանցագործները ողջ են մնացել՝ ցուցաբերել ենք մարդասիրություն անմարդկային կենդանիների նկատմամբ». Դավիթ Բաբայան

«Մեդիապորտ» տելեգրամյան ալիքը գրել էր, որ Նիկոլ Փաշինյանն Ալիևի հետ պայմանավորվածության արդյունքում Ադրբեջանին է վերադարձրել սպանության, դիվերսիայի և լրտեսության մեղադրանքով  ցմահ ազատազրկման դատապարտված  Դիլհամ Ասկերովին ու 22 տարվա ազատազրման դատապարտված Շահբազ Գուլիևին:  Ըստ նույն աղբյուրի, պայմանավորվածության համաձայն՝ Ադրբեջանը իր երկու քաղաքացիներին վերադարձնելու  դիմաց Հայաստանին կվերադարձնի միայն մի քանի հայ գերիների։

Ժամեր անց լուրը հաստատվեց՝ երկու դիվերսանտներն արդեն Ադրբեջանում են: «Մեդիապորտ» տելեգրամյան ալիքը գրել էր նաև, որ Փաշինյանը ժողովրդից գաղտնի բավարարել է Ալիևի հերթական պահանջը. «Քարվաճառում ձերբակալված դիվերսանտներն արդեն Ադրբեջանում են»,- գրել էր Mediaport-ը։ Տեղեկությունը  հաստատեց նաև ադրբեջանական մամուլում պաշտոնական Բաքուն: Ավելի ուշ  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում մեկ նախադասությամբ տեղեկացրեց հայ հանրությանը՝ «Սպասում ենք մեր գերիների առաջին խմբի վերադարձին»:

168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանն անդրադառնալով դիվերսանտներին թշնամուն վերադարձնելու հարցին, ասաց, որ դրա մասին ժամանակին շատ է խոսել ու ասել՝ դիվերսանտներին ու հայ գերիներին չպետք է դնել նույն հարթության վրա։

«Ես սա ասել եմ այն ժամանակ, երբ այլ իրավիճակ էր։ Հիմա Արցախը կաթվածահար եղած է, ոչնչացված, և այս պահի դրությամբ չգիտեմ, թե գերության մեջ որքան մարդ կա, որքան մարդու կյանք կարելի է փրկել։ Այդ երկու հանցագործին, եթե նորմալ պայմաններ լիներ, իհարկե, չէր կարելի, որ տային, բայց այս պահին մեր յուրաքանչյուր հայ մարդու կյանք թանկ է, մեկ է՝ ամբողջ Ադրբեջանն է հանցագործ։ Շատ ծանր դեպք, գուցե նաև մեր սխալն է, որ այդ հանցագործները ողջ են մնացել, ցուցաբերել ենք մարդասիրություն անմարդկային կենդանիների նկատմամբ, հետևաբար՝ ունենք այն, ինչ ունենք։ Ես չգիտեմ, հույս չունեմ, որ մենք նրանց կտանք ու կստանանք մեր բոլոր գերիներին, որովհետև մեր գերիների թիվն Ադրբեջանը թաքցնում է։ Սա արդեն պետք է խոսեք նրանց հետ, ովքեր այդ որոշումը կայացրել են»,- նշեց Դավիթ Բաբայանը։

Մեզ չհաջողվեց կապ հաստատել վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանի հետ, մի քանի զանգից հետո նա հեռախոսն պարբերաբար անջատում էր։ Մինչդեռ անհրաժեշտ էր պարզել ու ստանալ մի շարք հարցերի պատասխաններ, որոնք այսօր հետաքրքրում են հայ հանրությանը:

Հիշեցնենք, որ Դիլհամ Ասկերովն ու Շահբազ Գուլիևը կազմակերպված հանցավոր խմբով 2014 թվականի հունիսին անօրինական հատել էին ԼՂՀ պետական սահմանը, առևանգել և սպանել էին անչափահաս Սմբատ Մեխակի Ցականյանին, ինչպես նաև նույն հանցավոր խմբով կյանքից զրկել էին Երևան քաղաքի Ա. Սարգսյան փողոցի թիվ 6 շենքի բնակիչ, 1971թ. ծնված Սարգիս Սամվելի Աբրահամյանին, իսկ ՀՀ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակչուհի, 1977թ. ծնված Կարինե Արշավիրի Դավթյանին պատճառել հրազենային վնասվածքներ։

Տեսանյութեր

Լրահոս