Բաժիններ՝

«Ընդունելության առարկայացանկը հակասում է ՀՀ օրենսդրությանը․․․ նման կարգ ընտրելով՝ շրջանցել են հայերենի բոլոր իրավունքները». Յուրի Ավետիսյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնել է 2021/2022 ուսումնական տարվա մասնագիտությունների ու ընդունելության քննությունների ցանկում կատարված փոփոխությունների մասին։ Համաձայն ընդունված որոշման՝ առկա և հեռակա համակարգերում դիմորդները կհանձնեն հիմնականում երկու ընդունելության քննություն։

Այս փոփոխությունը տարածվում է այն մասնագիտությունների վրա, որոնց համար նախորդ տարիներին սահմանված է եղել մրցութային երեք քննություն։ Այդ մասնագիտությունների դիմորդներն այժմ կհանձնեն երկու քննություն՝ նախկին երեքի փոխարեն, որոնցից մեկը սահմանված է՝ որպես պարտադիր առարկա, իսկ երկրորդ քննությունը դիմորդն առաջարկվող առարկաներից կընտրի իր ցանկությամբ։

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի կարծիքով՝ այստեղ չկա միտումնավորություն:

«Կարծում եմ՝ դա չի արվում հայոց լեզվի դեմ, ուղղակի խնդիրն այն է, քանի որ կորոնավիրուսի վարակը կա, նախարարությունը փորձել է քննությունների թիվը պակասեցնել, և որոշ տեղերում հայոց լեզուն ընկել է հարվածի տակ: Ենթադրում եմ, որ սա չի արվել հատուկ հայոց լեզվի դեմ, ընդհանուր առմամբ փորձել են երեք քննությունը դարձնել երկու, որպեսզի վարակվելու ռիսկերը նվազեցնեն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Սերոբ Խաչատրյանը:

ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի ամբիոնի վարիչ Յուրի Ավետիսյանի խոսքով՝ ՀՀ Կառավարության՝ նոյեմբերի 26-ի նիստում հաստատված 2020-21 ուստարվա բուհական ընդունելության առարկայացանկը հակասում է ՀՀ օրենսդրությանը: Ի խախտումն ՀՀ «Լեզվի մասին» օրենքի 2-րդ հոդվածի պահանջի՝ բուհերի գերակշիռ մասի ընդունելության քննությունների ցանկում ՀՀ պետական լեզուն՝ հայերենը, ամրագրվել է իբրև կամընտրական. դիմորդին իրավունք է տրվել հայերենի փոխարեն որևէ օտար լեզվի քննություն հանձնելու:

««Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի նախագծում և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերում (գործող օրենքում փոքր-ինչ անորոշ է) ասվում է, որ բուհերում ընդունելության առարկաների քննական ցանկը կարող է փոփոխության ենթարկվել, եթե արտակարգ իրավիճակ է հայտարարված կամ ռազմական դրություն է: Եվ, օգտվելով հանգամանքից, որ այսօր այդ վիճակն է, այդպիսի որոշում են կայացրել: Այդ մոտեցումը, կարծում եմ, արդարացված չէ։ Նախ՝ քննությունները տեղի են ունենալու 6-7 ամիս հետո, և Աստված գիտի, թե ինչ վիճակ ենք ունենալու: Ինչո՞ւ են այսօր այդ փոփոխությունն անում այսքան հապշտապ: Երկրորդ, եթե ՀՀ հանրակրթական դպրոցներում արդեն ընդունելի է համարվում առկա ուսուցումը, երեխաները դպրոց են հաճախում, նստում են կողք կողքի, դաս են անում, ի՞նչ դժվարություն կար, որ երրորդ քննությունը նույնպես կազմակերպվեր, ոչ թե դառնար կամընտրական: Եվ հետո՝ իրենք շատ լավ գիտեն՝ կամընտրականի դեպքում դիմորդների 90 տոկոսը մի շարք պատճառներով ընտրելու է անգլերենը կամ այլ օտար լեզու: Կարծես թե միտումնավոր է արվել, որ հարվածեն հենց հայոց լեզվին»,- նշեց Յուրի Ավետիսյանը:

Նրա դիտարկմամբ՝ դիմորդները չեն ընտրելու հայերենը օբյեկտիվ և սուբյեկտիվ մի շարք պատճառներով:

«Նախ՝ հայերենի շտեմարաններում ներառված նյութը բովանդակային առումով մի քանի անգամ ավելի ծավալուն է, քան անգլերենինը․ այդպես են որոշել ի սկզբանե՝ անընդհատ ծանրաբեռնելով հայերենը: Հայերենի շտեմարանները թվով ավելի շատ են, այնտեղ դպրոցական ծրագրից դուրս ահռելի քանակությամբ նյութ է ներմուծված, որը ժամանակին չպետք է անեին, բայց արել են, չգիտես ինչ նպատակներով: Միգուցե և մի տեսակ արգահատանք ստեղծելու համար հայերենի նկատմամբ՝ աշակերտների և դիմորդների շրջանում, և հասել են իրենց նպատակին: Հիմա դիմորդների մեծ մասը հայերենի՝ որպես քննական առարկայի անունը լսել անգամ չի ուզում։ Նման կարգ ընտրելով՝ շրջանցել են հայերենի բոլոր իրավունքները»,- հավելեց ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի ամբիոնի վարիչը:

Հայերենը ոչ մրցութային է հայտարարված, օրինակ՝ ռուս բանասիրություն, եվրոպական լեզուներ, թարգմանչական գործ մասնագիտությունների գծով․ Յուրի Ավետիսյանի դիտարկմամբ՝ մի անհեթեթ վիճակ էլ այս դեպքում է ստեղծվում:

«Փաստորեն, ֆակուլտետների գիտխորհուրրդներին հնարավորություն է տրվել իրենց հարմար քննություն ընտրելու: Սա անհեթեթ մոտեցում է: Քննակարգը սահմանում է ՀՀ Կառավարությունը, իհարկե՝ հաշվի առնելով համապատասխան կառույցների, այդ թվում նաև ֆակուլտետների կարծիքը, բայց, օրինակ, ԵՊՀ եվրոպական լեզուների և միջմշակութային հաղորդակցման ֆակուլտետը, որը նախկին ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետն է, նախընտրել է անցկացնել անգլերեն (կամ այլ օտար լեզվով) և՛ բանավոր, և՛ գրավոր քննություն՝ բացառելով հայերենը: Դիմորդը, որը ընտրել է այդ ֆակուլտետը, բնականաբար, լավ կամ բավարար չափով տիրապետում է օտար լեզվին, և եթե բանավոր քննություն է հանձնում ու ստանում է բարձր գնահատական, անիմաստ է դառնում դիմորդի՝ նույն առարկայից ունեցած գիտելիքները մի հատ էլ գրավոր ճանապարհով ստուգման ենթարկելը: Եվ, վերջապես, Հայաստանում՝ օտար լեզվի բանասիրության ֆակուլտետում, ի՞նչ է նշանակում բացառել մայրենի լեզվից քննություն հանձնելը: Գիտխորհրդին ընտրելու հնարավորություն են տալիս, և նա էլ ընտրում է իր ճանապարհը՝ հավանաբար ելնելով կոլեկտիվի շահերից: Ստացվում է՝ հայոց լեզվի շահը ստորադասվում է կոլեկտիվի շահին: Ի պատիվ Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի՝ պետք է ասել, որ այնտեղ հայերենը ներառված է որպես պարտադիր քննական առարկա: Իմ խորին համոզմամբ՝ կա՛մ պետք է պահպանվեր ընդունելության քննությունների գործող կարգը, կա՛մ գոնե բուհերի հումանիտար ֆակուլտետներում հայոց լեզվին չպետք է տրվեր «կամընտրականի» կարգավիճակ։ Հույս ունեմ, որ առաջիկայում որոշման մեջ փոփոխություն կկատարվի»,- եզրափակեց ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի ամբիոնի վարիչը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս