
«Այն, որ ադրբեջանցիները զբոսնում են Երևանով մեկ, փաստ է. ինչո՞ւ է Ադրբեջանը համառորեն իր գործակալական ցանցը նետում Հայաստան». Ալեքսանդր Լապշին

Բլոգեր Աեքսանդր Լապշինն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Երևանում ակտիվորեն լուրեր են տարածվում այն մասին, որ քաղաքում բռնել են Հայաստանի մայրաքաղաքում ազատորեն շրջող, հայերեն խոսող և նույնիսկ հայկական անձնագրեր ունեցող մի քանի ադրբեջանցիների:
Ես չգիտեմ, թե որքանով է այդ ինֆորմացիան համապատասխանում իրականությանը: Այն, որ ադրբեջանցիները զբոսնում են Երևանով մեկ, փաստ է: Իմ կասկածները վերաբերում են նրան, որ նրանց բոլորին բռնել են: Ոչ, ես կարծում եմ՝ շատ քիչ մասին են բռնել:
Թե՛ պատերազմի ժամանակ, և թե՛ հենց հիմա Երևանում կային և կան Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Ալի Նագիևի ղեկավարած գերատեսչության ծառայող ադրբեջանցիներ: Մի մասը Հայաստան են մտել դեռ պատերազմից առաջ և ունեցել են իսկական հայկական անձնագրեր: Մի մասն էլ փորձում են Հայաստան սողոսկել հենց հիմա, և հնարավոր է, որ դա նրանց արդեն հաջողվել է՝ շնորհիվ Լաչինի միջանցքի «անցքերին», ուր չկա լիարժեք իրականացվող անձնագրային վերահսկողություն, և որևէ դժվարություն չի ներկայացնում իրենից հայկական պետհամարանիշերով ավտոմեքենաներով մտնել Հայաստան` զինվորներին ցույց տալով կա՛մ կեղծ, կա՛մ լրիվ իրական հայկական անձնագրեր: Անկեղծ ասած, ես շատ խիստ կասկածում եմ բոլոր անձնագրային բաժանմունքների ղեկավարների կատարյալ մաքրությանը: Եվ, բացի դրանից, կարծում եմ, հարյուրավոր անձնագրերի ադրբեջանցիները տիրացել են իրենց անցած բնակավայրերից, ԼՂՀ ոստիկանական բաժանմունքներից, բանկերից, զինվորական մասերից: Հայկական պետհամարանիշերով մեքենաներ էլ բարդ չի գտնել, քանի որ Հադրութում և Շուշիում այդպիսի շատ մեքենաներ են մնացել:
Ինչո՞ւ է Ադրբեջանը համառորեն իր գործակալական ցանցը նետում Հայաստան: Դա շատ ակնհայտ է՝ երկրում իրավիճակի մոնիտորինգի, շպիոնաժի, սաբոտաժի, սադրանքներ իրականացնելու և պատվիրված սպանություններ կատարելու համար:
Անձամբ ես աշխատում եմ հեռու մնալ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ցուցարարներից: Եվ հարցը բոլորովին էլ քաղաքականության մեջ չէ: Այստեղ իմ դիրքորոշումը բացարձակապես չեզոք է. Հայաստանի ճակատագիրը թող որոշի Հայաստանի ժողովուրդը: Հարցը բոորովին այլ է:
Հայերի մեջ թաքնված ինչ-որ Մամեդ Ալիև կմոտենա ու դանակով կհարվածի մեկին: Նրան, իհարկե, կբռնեն, ու կպարզվի, որ փաստաթղթերով դա Գավառի բնակիչ ինչ-որ Արտակ Հակոբյան է: Բայց նախ՝ դրանից ինձ համար ավելի թեթև չի լինի, և երկրորդ՝ նման միջադեպը կօգտագործեն այս կամ այն քաղաքական ուժերն իրենց շահերի համար»:
Թարգմանեց և հրապարակման պատրաստեց 168.am-ը